Այս տարի ևս ապրիլի 24-ին հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում միասնական կերպով ոգեկոչեց համազգային ողբերգության 106-րդ տարելիցը։ Ինչ խոսք, հերթական տարեթիվը, առաջին հայացքից, խորհրդանշական առումով առանձնահատուկ վերաբերմունք չէր ներշնչում, մինչև ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման կարևոր իրողությունը, ապա նաև Լատվիայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հռչակագրի ընդունումը։ Հանգուցային իրադարձություններ, որոնք ցայսօր միջազգային քաղաքականության օրակարգում են պահում Հայ ժողովրդի ազգային աղետի թեմայի շահարկումը։
Մինչդեռ բովանդակային տեսանկյունից պատկերը տրամագծորեն այլ էր։ Մեր օրերից ընդամենն ամիսներ առաջ, իսկ Հայոց Մեծ եղեռնից շուրջ մեկ դար հետո հայ ժողովրդի մի ստվար հատված՝ արցախահայությունը, նրանց հետ՝ առնվազն զգացական-ապրումային հարթությունում յուրաքանչյուր հայ, վերապրեց իր ազգակիցների՝ մեկդարյա վաղեմության ճակատագիրը՝ նույն ոճրագործի՝ թուրք-ադրբեջանական-թյուրքական դաշինքի ձեռամբ, բայց արդեն արդի գործիքակազմով։
Փաստացի, նոր ցեղասպանության աղետից ամբողջ աշխարհին ապահովագրելու Հայաստանի և համահայկական տասնամյակների նպատակաուղղված ջանքերը զրոյական արդյունավետություն արձանագրեցին և ոչ միայն նույն հայ ժողովրդի համար, որը բախվեց համազգային նոր ողբերգության։
Բանն այն է, որ 1991թ․ անկախության վերականգնումից հետո Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծի առանցքային բաղադրիչներից մեկը դարձավ մարդկության դեմ իրականացվող ոճրագործությունների դեմ պայքարը, դրանց կանխմանն ուղղված միջազգային քայլերը։ Այդ համատեքստում նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը միտված նպատակային քայլերը դրսևորվեցին արդեն նոր հարթությունում։ Պաշտոնական Երևանը մեկ անգամ չէ՝ ընդգծել է, որ Հայաստանի, ինչու ոչ, ամբողջ աշխարհի համար այս գործընթացն ունի ոչ միայն բարոյական, այլև՝ անվտանգային խնդիր՝ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում մերձավորարևելյան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների կանխման համատեքստում։ Որպես ասվածի վառ ապացույց՝ իր իրավանախորդի ցեղասպանային գործողություններն ամեն կերպ ժխտող մերօրյա Թուրքիայի իշխանությունների ոճրագործ քաղաքականությունն է, որը տարբեր կերպով դրսևորվում է ինչպես սեփական երկրի ներսում՝ հասարակության որոշ շերտերի, խմբերի դեմ, այնպես էլ Սիրիայի, Իրաքի հյուսիսում՝ հատկապես քրդաբնակ շրջաններում՝ կոտորածների, տեղահանման, էթնիկ զտումների, պատմամշակութային ժառանգության ոչնչացման և նմանատիպ այլ գործողությունների եղանակով։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի նման գործելաոճը և առհասարակ միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն սպառնացող ագրեսիվ գործողությունները գագաթնակետին հասան 2019թ. հոկտեմբերից 2020թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, երբ Անկարան հաջորդաբար նախաձեռնեց կամ մասնակցեց հիմնախնդրի ակտիվացման գործընթացների, ռազմական գործողությունների Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում, Իրաքում, Արցախում՝ ապակայունացնելով տարբեր տարածաշրջաններ՝ հանգեցնելով նաև մարդասիրական, մարդկային նոր աղետի և, մեծ հաշվով, մնալով անպատիժ։
Հայ ժողովրդի համար հատկանշական է այն իրողությունը, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր լայնամասշտաբ պատերազմի և՛ սանձազերծման գործում, և՛ ողջ ընթացքում Թուրքիան ունեցավ ուղիղ և վճռորոշ մասնակցություն։ Այն իրականացվեց գործընթացների ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական, դիվանագիտական, քարոզչական հարթություններում՝ ուղղակիորեն ազդելով պատերազմի ընթացքի և հետևանքների վրա։ Անկարայի համակողմանի աջակցությունը Բաքվին դրսևորվեց պատերազմի նախապատրաստման փուլում, նաև դրա ողջ ընթացքում և հաջորդած ժամանակահատվածում։ Առանձնահատուկ պարսավանքի է արժանի մերօրյա Թուրքիայի կողմից իր ցեղասպան իրավանախորդին բնորոշ գործելաոճի որդեգրումը։ Որպես օրինակ՝ տարաբնույթ ահաբեկչական խմբավորումների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործություններն են այս անգամ պատմական Հայրենիքի Արցախ աշխարհում։ Թուրքիայի հակահայ քաղաքականությունն այս անգամ դրսևորվեց Սիրիայի հյուսիում թուրքահպատակ մի շարք խմբավորումների շարքերից, Թուրքիայում սիրիացի փախստականների ճամբարներից հազարավոր վարձկանների հավաքագրմամբ և ռազմագործողությունների թատերաբեմ գործուղմամբ, ահռելի ծավալով տարաբնույթ զինատեսակների շարունակական մատակարարումներով, թուրք ռազմական հրահանգիչների, տարբեր աստիճանի զինվորականների, հատուկջոկատայինների տրամադրման միջոցով, փաստացի, ողջ ռազմական գործողությունների կառավարմամբ, որը վճռորոշ ազդեցություն ունեցավ պատերազմի ընթացքի և դրա հետևանքների համար։
Արդյունքում արդեն 21-րդ դարում հայ ժողովուրդը կրկին ունեցավ 1000-ավոր զոհեր և վիրավորներ, տասնյակ հազարավոր փախստականներ, նյութական և պատմամշակութային ժառանգության անդառնալի կորուստներ։ Նրա մի հատվածն էլ հայրենազրկվեց՝ ստիպված լինելով լքել պատմական Արցախի անքակտելի մասը հանդիսացող Շուշին, Հադրութը, Քաշաթաղը և այլն։
Հայ ժողովուրդն իր հերթական ողբերգության պահին, մեծ հաշվով, կրկին մենակ մնաց։ 21-րդ դարում աշխարհն զբաղված էր այլ առաջնահերթ խնդիրներով։ Բայց Թուրքիան և Ադրբեջանն այսօր էլ՝ պատերազմից կես տարի անց, շարունակում են թշնամական գործողություններն աղետի ծանր հետևանքներից դեռևս կքած Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ՝ կտրականապես մերժելով վերադարձնել ռազմագերիներին, իրականացնելով մշակութային ցեղասպանություն Արցախի՝ ադրբեջանական բռնազավթման տակ անցած տարբեր շրջաններում, ավելին՝ օկուպացնելով արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքից որոշ հատվածներ, փորձելով պարտադրել պանթյուրքիստական ծրագրերի առարկայացման նպատակով կենսական տարածքային զիջումներ։
Իսկ քաղաքակիրթ աշխարհը… Այո՛, աշխարհի տարբեր անկյուններից, ինչպես 1 դար առաջ, պարբերաբար հնչում են Ադրբեջանի և Թուրքիայի ոճրագործություններին վերջ դնելու կոչեր։ Բայց դրանք առարկայական ազդեցություն չեն ունենում՝ խոսքից գործի չեն վերածվում։ Մերօրյա հանցագործների չդադարող սանձարձակությունները զսպելուն միտված որևէ մեխանիզմ դեռևս նվազագույն օգուտ չի արձանագրել։
Հայերս հաճախ ենք մեղադրում ինքներս մեզ՝ սեփական պատմությունից դասեր չքաղելու մեջ։ Բայց այս հարցում, փաստորեն, միայնակ չենք՝ աշխարհը «մեզ հետ է»։ Մինչդեռ աշխարհը մեզ հետ պետք է լիներ ու լինի մեր անցյալին առնչվող ոճրագործության հետևողական դատապարտման գործում, Արցախում, Սյունիքում, որտեղ փորձ է արվում կյանքի կոչել պանթյուրքիստական դարավոր ծրագրեր։ Իսկ այդ ծրագրերը դեռ երեկ չկանխելու այլընտրանքը պարզապես վաղվա օրվա համաթյուրքական կենսական սպառնալիքն է, որն արդեն կանխատեսելի ապագայում «Զանգեզուրի միջանցքով»(եթե այն իրականություն դառնա) հասնելու է Թեհրան, Մոսկվա, Էր-Ռիադ, Կահիրե, Պեկին, Բրյուսել, Վաշինգտոն…
Հայաստանը նոր համաշխարհային չարիքի զսպման մերօրյա թատերաբեմն է, բայց միայնակ գործել, ավա՜ղ, ի զորու չէ։
Արմեն Պետրոսյան