ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվում է Հայաստանին, ինչի կապակցությամբ հայկական կողմը կցանկանար գործընկերներին առաջարկել կենտրոնանալ կազմակերպության դինամիկ զարգացմանն ու մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված համատեղ հետևողական աշխատանքի վրա։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքն արտաքին քաղաքական համակարգման և փոխօգնության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համակարգված մոտեցումների մշակման համար:
«Այդ նպատակով մենք մեծ նշանակություն ենք տալիս բազմամակարդակ խորհրդակցությունների պարբերաբար անցկացմանը, այդ թվում` «բարձր մակարդակի խմբի» ձևաչափով, որի անդամ են արտաքին քաղաքականության և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների տեղակալները: Մեր կարծիքով, համատեղ հայտարարություններ ընդունելու պրակտիկան իրեն արդարացրել է, և այն պետք է ընդլայնվի»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը:
«Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»,- նշեց Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ Հայաստանը մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ անդամ պետությունների հետ ՀԱՊԿ ուժերի մարտունակության, մարտական պատրաստության, ներդաշնակության և շարժունակության մակարդակը բարձրացնելու նպատակով:
«Կասկած չկա, որ ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել և զարգացնել, ժամանակակից և նոր, այդ թվում՝ անօդաչու կազմավորումներով համալրել, դրանք ժամանակակից միջոցներով վերազինել և կատարելագործել դրանց ղեկավարումը:
Մեր կազմակերպության համար մեծ նշանակություն կունենա ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, տեղեկատվական անվտանգության ապահովման, թմրամիջոցների դեմ պայքարի և անօրինական միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների ու մեխանիզմների հետագա կատարելագործումը»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանն առաջարկում է քայլեր ձեռնարկել միջազգային ասպարեզում ՀԱՊԿ հեղինակության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ շահագրգիռ այլ միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնման միջոցով, հավելեց երկրի ղեկավարը:
«Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել և զարգացնել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների հետ առկա համատեղ աշխատանքային փորձը:
Մեր կարծիքով, նման հարցեր լուծելիս մենք կարող էինք հույս դնել նաև մեր խորհրդարանականների աջակցության վրա»,- եզրափակեց Փաշինյանը։