Նոյեմբերի 22-ին Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Լիբանանի ԱԳ ղեկավար Աբդուլլահ Բուհաբիբը, գրում է Al Jazeera-ն:
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն աջակցում է Լիբանանի գործող կառավարությանը և դրա ձևավորումը կարևոր քայլ է համարում երկրում առկա ճգնաժամի լուծման համար:
Բուհաբիբն իր հերթին հույս է հայտնել, որ Ռուսաստանը տնտեսական և քաղաքական աջակցություն կցուցաբերի Լիբանանին՝ օգնելու հաղթահարել ճգնաժամը:
Բացի այդ կողմերը քննարկել են նաև Բեյրութի պայթյունի հետևանքով ենթակառուցվածքների վերականգնման գործընթացներին ռուսական տնտեսական դերակատարների մասնակցության հնարավորությունը:
Լավրովը նաև նշել է, որ Ռուսաստանը Լիբանանին է փոխանցել Բեյրութի արբանյակային լուսանկարները՝ արված պայթյունից առաջ և հետո:
«Լիբանանի կառավարության խնդրանքով մենք փոխանցել ենք Roscosmos-ի կողմից արված արբանյակային լուսանկարները, որոնք, հույս ունենք, կօգնեն պայթյունի պատճառների հետաքննության իրականացման համար»,- ասել է Լավրովը:
Լիբանանի արտգործնախարարն ևս նշել է, որ լուսանկարները կհանձնվեն Լիբանանի դատարանին՝ «հուսալով, որ դրանք կօգնեն բացահայտել ճշմարտությունը»:
Նշենք, որ 2020թվականի օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի պատճառը եղել է նավահանգստում ամբարված 2750 տոննա ամոնիումի նիտրատը: Պայթյունն ավելի քան 200 մարդու կյանք էր խլել:







