Կատարի էմիր շեյխ Թամիմ բըն Համադ Ալ-Թանին Դոհայում մասնակցել է «Գազ արտահանող երկրների ֆորումի» վեցերորդ գագաթաժողովի բացման արարողությանը՝ «Բնական գազ. Ձևավորելով ապագա էներգիան» կարգախոսով:
Բացման խոսքում Կատարի էմիրը կոչ է արել «Գազ արտահանող երկրների ֆորումին» խրախուսել երկխոսությունը ֆորումի անդամ երկրների միջև՝ գազի մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար:
Գագաթաժողովի բացման արարողությանը մասնակցել է նաև Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ինչպես նաև արաբական պետությունների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, կառավարության ղեկավարներ և էներգետիկ ոլորտի փորձագետներ:
Իր հերթին Իրանի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել խթանել էներգիայի շահագործումը` միևնույն ժամանակ պահպանելով շրջակա միջավայրը:
Ռայիսին ֆորումի անդամներին նաև կոչ է արել չճանաչել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները և համատեղ ջանքերով ընդլայնել համագործակցությունը։
Նշենք, որ «Գազ արտահանող երկրների ֆորումը» բաղկացած է 11 անդամ պետություններից, որոնք են Ռուսաստանը, Իրանը, Կատարը, Ալժիրը, Եգիպտոսը, Լիբիան, Նիգերիան, Բոլիվիան, Հասարակածային Գվինեան, Տրինիդադը և Տոբագոն ու Վենեսուելան: Ֆորումի կազմի մեջ մտնում են նաև 7 երկրներ, որոնք ունեն դիտորդի կարգավիճակ: Դրանք են Անգոլան, Ադրբեջանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Մալազիան, Նորվեգիան և Պերուն:
Ֆորումի նպատակն է գազ արտադրողների և սպառողների միջև ավելի բովանդակալից երկխոսության համար նոր մեխանիզմների կառուցումը բնական գազի համաշխարհային շուկաներում առաջարկի և պահանջարկի կայունության և անվտանգության համար: