Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգը 15 տարի անց առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա: Անկարայում կայացել է Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իցխակ Հերցոգի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում Հերցոգն ու Էրդողանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հիմնախնդիրներ՝ մասնավորապես Ուկրաինայում տիրող իրավիճակը:
Իսրայելի նախագահ հայտնել է, որ «արդյունավետ» բանակցություններ է վարել թուրք պաշտոնակցի հետ: Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի վրա և կարող են հնարավորություն տալ «դիմակայել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին»:
Էրդողանն իր հերթին նշել է, որ երկար դադարից հետո այս պատմական այցը շրջադարձային կետ է հանդիսանում երկու երկրների հարաբերություններում՝ հետագա համատեղ հնարավորությունների համատեքստում:
«Իսրայելի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր երկրի համար վիթխարի նշանակություն ունի»,- ասել է Թուրքիայի առաջնորդը համատեղ մամուլի ասուլիսում:
Հանդիպման ընթացքում և՛ Էրդողանը, և՛ Հերցոգը հայտարարել են, որ հաջորդ ամիս նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Իսրայել և հանդիպումը Յաիր Լապիդի հետ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նրանք պետք է քննարկեն դեսպանատների վերաբացման հետ կապված խնդիրները:
Սակայն ուշագրավ է, որ իսրայելական Channel 13 կայքի պնդմամբ՝ Լապիդը կամ Իսրայելի արտգործնախարարությունը տեղյակ չեն եղել Չավուշօղլուի այցի մասին: Լապիդի խոսնակը ավելի վաղ հայտնել էր, որ թուրք արտգործնախարարը պատրաստակամություն է հայտնել Իսրայել այցելելու, սակայն պաշտոնական այցի հստակ օր չի եղել օրակարգում:
Նշենք, որ Channel 13 կայքն այլ մանրամասներ է հաղորդել հանդիպումից՝ նշելով, որ Էրդողանն ու Հերցոգը քննարկել են նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությանն (որին Իսրայելը համարում է ահաբեկչական) առնչվող հարցեր՝ մասնավորապես ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վերջին այցերը Անկարա:
Հաղորդվում է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Իսրայելից Եվրոպա գազի արտահանման հարցը: Իսրայելը Հունաստանի հետ համագործակցում էր նոր գազամուղի կառուցման աշխատանքներում, որով իսրայելական գազը մակատարարվելու էր Եվրոպային: Իսկ Թուրքիան մշտապես դեմ է եղել այս նախագծին և առաջ է քաշել սեփական տարածքային հավանականությունը: