Չի բացառվում, որ Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացումը Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի ունենա այս տարի: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում տեղեկացրել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հանդիպել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին և Կապանի ղեկավար Գևորգ Փարսյանին: Հանդիպման հիմնական թեման եղել է Իրանի հյուպատոսության բացումը:
Մարզպետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմը դեռ նախորդ տարի էր Կապանում հյուպատոսություն բացելու համաձայնություն ձեռք բերել, և Իրանի դեսպանը հանդիպմանը նշել էր, որ Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություն բացելու նպատակը բոլոր ոլորտներում հարաբերությունները զարգացնելն է։
Հայկական կողմի հետ հանդիպմանը դեսպան Բադախշան Զոհուրին ներկայացրել էր նաև հանդիպմանը ներկա հյուպատոսին՝ հավելելով, որ առաջիկայում հյուպատոսության կազմը կներկայացվի ՀՀ ԱԳՆ-ին։ Կապան կատարված այցի վերջում իրանցի հյուրերը տարածքներ էին դիտարկել ապագա հյուպատոսարանի համար:
«Մենք մի քանի տեղ առաջարկել ենք դեսպանին ու հյուպատոսին, հիմա, կարծես թե, այդ հարցերը հստակեցման փուլում են: Իրենց կողմից տեսանք Կապանում հյուպատոսություն ունենալու գործնական պատրաստակամություն, հստակություն»,- «Հետքի» հետ զրույցում ասել է մարզկենտրոնի ղեկավարը:
Իսկ հարցին, թե երբ է նախատեսվում դրա բացումը, Գևորգ Փարսյանը պատասխանել է. «Գնահատելով իրենց տրամադրվածությունը՝ այս տարվա մասին է խոսքը»։
«Հետքի» հարցին, թե արդյոք Իրանը կարող է զսպող դեր խաղալ թուրք-ադրբեջանական հավանական նոր ագրեսիայի պարագայում, Կապանի համայնքապետը դրական է պատասխանել. «Իհարկե, վերջիվերո, Իրանի Իսլամական Հանրապետությունը հզոր երկիր է իր տնտեսությամբ և ռազմավարական առումով, և բազմիցս ենք լսել, որ սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ է իրենց համար։ Իրանի դեսպանի հետ էլ ենք ունեցել խոսակցություն, շոշափել ենք «միջանցքի» հարցը, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ դա իրենց համար անթույլատրելի է, ես շնորհակալություն հայտնեցի, որ նման պաշտոնական հայտարարություններով են հանդես գալիս, որովհետև մեզ համար նույնպես անթույլատրելի է «միջանցք» եզրույթը»։