Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Երևան ժամանելիս հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև երկարաժամկետ համագործակցության մասին ճանապարհային քարտեզ է գծվելու:
«Հայաստանն ու Իրանը այս տարածաշրջանում համատեղ համագործակցության շատ հարցեր ունեն: Մենք նաև ընդհանուր մտահոգություններ ունենք, որոնց լուծման համար ջանքեր ենք գործադրում: Անշուշտ, դեմ ենք տարածաշրջանում օտարների ներկայությանը՝ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում: Սա հնարավորություն է այս այցի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և իմ գործընկերոջ հետ ևս մեկ անգամ քննարկելու տարածաշրջանային համատեղ համագործակցության ռազմավարական խնդիրները»,- հայտարարել է Աբդոլլահիանը:
Նա գոհունակություն է հայտնել նախորդ տարում երկկողմ առևտրաշրջանառության 43,5 տոկոս աճի կապակցությամբ և հավելել, որ այդ ցուցանիշը չի համապատասխանում կողմերի հնարավորությունների մակարդակին: