Իրանը կտրականապես դեմ է արտահայտվում Ադրբեջանի փորձերին՝ Հայաստանի տարածքով բռնի ուժով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ճեղքելու և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապելու համար։ Այս մասին Regionmonitor.com-ի հետ զրույցում նշեց իրանագետ Էդվարդ Բերուջանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանա-իրանական հարաբերությունների կտրուկ սրումը։
Իրանագետի խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրում պայմանավորված է տարբեր պատճառներով, որոնք մեծապես առկա են երկկողմ հարաբերություններում և քաղաքական մարտահրավեր են դարձել երկու կողմերի համար։
«Նախ, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականին կոշտ արձագանքեց Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի վերջերս Բաքու կատարած այցին։ Ինչպես նաև Իրանը կտրականապես դեմ է արտահայտվում Ադրբեջանի փորձերին՝ Հայաստանի տարածքով բռնի ուժով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ճեղքելու և Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապելու համար։ Բաքուն էլ իր հերթին հայտարարություններ է տարածում՝ նշելով, որ Թեհրանը ոտնահարում է իր հարևանների իրավունքները տարածաշրջանային բազմաթիվ հարցերում և խառնվում է նրանց ներքին գործերին»,-նշեց Բերուջանյանը:
Խոսելով վերջին շաբաթների ընթացքում Թեհրանի և Բաքվի հարաբերությունների լարվածության սրման գլխավոր պատճառների մասին՝ Բերուջանյանը նշեց․ «Նոյեմբերի 7-ին Իրանի հետախուզության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Շահչերաղի դամբարանում ահաբեկչության առնչությամբ 26 թաքֆիրի ահաբեկիչ է ձերբակալվել, որոնցից Ադրբեջանի քաղաքացին եղել է երկրի ներսում ահաբեկչական գործողությունների հիմնական համակարգողը։
«Այնուհետև, Սամարղանդում Ադրբեջանի նախագահը ելույթ ունենալով Թուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում՝ կոպտորեն միջամտեց Իրանի ներքին գործերին՝ Իրանի թյուրքախոս միլիոնավոր բնակչությանը «հայրենակիցներ» անվանելով։ Առաջին անգամ նման հայտարարություն տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի մակարդակով։ Եվ թվում է, թե Ադրբեջանի ղեկավարությունը ռազմավարական որոշում է կայացրել՝ էլ ավելի խաթարելու Իրանի հետ հարաբերությունները»,- նկատեց իրանագետը։
Փորձագետի կարծիքով՝ Իրանի տարածքային ամբողջականության և բնակչության զգալի մասի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները քաղաքական հակազդեցություն են առաջացրել, ինչը, հավանաբար, լուրջ դիվանագիտական հետևանքներ կունենա Թեհրանի և Բաքվի հարաբերությունների վրա։
«Ադրբեջանական պաշտոնյաներն ու ԶԼՄ-ները վաղուց են փորձում դիմել սադրանքների Իրանի թյուրքախոս քաղաքացիների նկատմամբ: Սա միշտ էլ Իսլամական Հանրապետության հյուսիսային հարևանի կողմից Իրանի ներքին գործերին միջամտության առիթ է հանդիսացել։ Բայց Բաքուն մինչև վերջերս զսպում էր իր նկրտումներն Իրանի նկատմամբ՝ զերծ մնալով բացահայտ շահարկումներից։ Իրանն էլ իր հերթին միշտ փորձել է վերահսկել իրավիճակը փոխադարձ առճակատման մեջ մտնելուց և Ադրբեջանին հասկացնել, որ Իրանում «ազգային փոքրամասնությունների» հետ խաղալն անհնար է»,- նշեց Բերուջանյանը։
«Կարելի է նկատել, որ ներկայում Բաքվի և Թեհրանի միջև դիվանագիտական վեճը այն աստիճանի է սրվել, որ ուղեկցվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարություններ դեսպանների փոխադարձ կանչերով, սակայն, դեռևս կողմերի քայլերի տրամաբանական հաջորդականությունը վկայում է, որ դժվար թե լարվածությունը վերածվի բացահայտ ռազմաքաղաքական առճակատման։ Այնուամենայնիվ, կողմերի փոխադարձ որդեգրած նման հռետորաբանությունը մեծապես կազդի ապագայում այս երկրների միջև երկկողմ տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման վրա»,- եզրափակեց Բերուջանյանը։