2021թ. օգոստոս-նոյեմբերյան լարվածությունից մեկ տարի անց՝ 2022թ. նույն ժամանակահատվածում Իրան-Ադրբեջան հարաբերություններում հերթական գերլարումն է արձանագրվում: Ադրբեջանում հակաիրանական քարոզչությունն այնքան է ուժգնացել, որ այդ երկրի պետական լրատվամիջոցներում ու հեռուստատեսությամբ անգամ ակտիվացրել են «Հարավային Ադրբեջանի թեզը»՝ բացահայտ հավակնություններ ներկայացնելով Իրանի տարածքի նկատմամբ: Այս քաղաքականութունը գլխավորում է անձամբ նախագահ Իլհամ Ալիևը՝ ժամանակ առ ժամանակ սադրիչ հայտարարություններ անելով Իրանի թյուրքախոսների վերաբերյալ։
Երկու երկրների հարաբերություններում լարվածության սրման համար առիթ հանդիսացան հոկտեմբերի 17-19-ը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի խոշորամասշտաբ զորավարժությունը Արաքսի ափին և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը: Լայն իմաստով՝ Թեհրանի և Բաքվի հարաբերություններում լարվածության պատճառը «Զանգեզուրի միջանցքի» և Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի դիրքավորման նկատմամբ Իրանի դիրքորոշումն է:
Հարկ է նշել, որ Իրանի զինված ուժերը երկրի հյուսիսարևմտյան, մասնավորապես՝ Հայաստանին, Ադրբեջանին սահմանակից շրջաններում խոշորամասշտաբ զորավարժություններ անցկացնում են 2020թ. արցախյան պատերազմի ժամանակահատվածից սկսած՝ 2020թ. հոկտեմբերին և 2021թ. հոկտեմբերին: Ըստ այդմ՝ կարելի է արձանագրել, որ այս շրջաններում զորավարժություններն արդեն պլանային են դարձել: Այս հանգամանքն ամեն անգամ շեշտում է նաև Ալիևը՝ դժգոհելով, որ երբ սահմանը հայերի վերահսկողության տակ էր, Իրանը վարժանքներ չէր անում կամ չէր հայտարարում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իր համար կարմիր գիծ է։
Ընթացիկ տարվա ԻՀՊԿ զորավարժությունը աչքի ընկավ նաև խաղարկված գործողությունների յուրահատկությամբ, մասնավորապես՝
- Արաքս գետի վրա կամուրջի անցկացում, դրանով զինտեխնիկայի տեղափոխում,
- ԱԹՍ-ներով պայմանական հակառակորդի թիրախների խոցում,
- Ուղղաթիռներից դեսանտի իջեցում,
- Բարձունքների և հաղորդակցական ճանապարհների գրավում,
- Պայմանական թշնամու թիկունքային ապահովման կտրում:
Արաքս գետի վրա կամրջի անցկացման գործողություններն ԻՀՊԿ-ն խաղարկել էր Նախիջևանի հետ սահմանին՝ Սիահռուդ կոչվող շրջանում: Վարժանքների ընթացքում իրանցի զինվորականները նաև հանդես եկան տարածաշրջանի սահմանների անփոփոխելիության մասին հայտարարություններով։ Նրանք շեշտեցին, որ հարևանների համար զորավարժությունը խաղաղության ուղերձն է պարունակում, իսկ թշնամիների համար՝ վճռական հարված հասցնելու պատրաստակամության:
Հատկանշական է նաև, որ վարժանքներին նախորդել էր Իսրայելի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի այցը Ադրբեջան, ինչը Թեհրանում ընկալվեց որպես տարածաշրջանում նոր լարվածություն հրահրելու, Իրանի շուրջ օղակը սեղմելու փորձ:
Հաջորդիվ հայտնի դարձավ նաև Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին, սա իր հերթին Իրանում ընկալվեց տարածաշրջանում Արևմուտքի ամրապնդման փորձ: Ուստի թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչները ընդգծեցին տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի ներկայության անթույլատրելիության մասին՝ նկատի ունենալով Իսրայելին և Արևմուտքին:
Այս համատեքստում ուշագրավ էր նաև Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի այցը Հայաստան և Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը: Այցի շրջանակներում Աբդոլլահիանը վերահաստատեց տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության մասին Թեհրանի դիրքորոշումը՝ ավելին ընդգծեց, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Միաժամանակ նա ևս խոսեց արտատարածաշրջանային ուժերի ներկայության անթույլատրելիության մասին՝ շեշտադրելով «3+3» հարթակի կարևորությունը:
Իր սահմանների հարևանությամբ արտատարածաշրջանային ուժերի ներկայության բացառումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից է: Հենց այդ պատճառով է, որ առաջինը Թեհրանը ողջունեց «3+3» հարթակի ստեղծման գաղափարը և այն կյանքի կոչելու համար այդ երկրի արտգործնախարարը տարածաշրջանային այց կատարեց: Այս երկու տարվա ընթացքում ևս Իրանը մշտապես ընդգծում է այդ մեխանիզմն ակտիվ պահելու անհրաժեշտությունը: Հարթակն Իրանի համար տարածաշրջանի զարգացումներից դուրս չմնալու, արտաքին ուժերին գործընթացներից դուրս մղելու և սեփական շահերին ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոց է դիտարկվում: Իսկ 2020թ. արցախյան պատերազմից հետո Իրանի գլխավոր խնդիրն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ու Հայաստան-Իրան սահմանի գոյության հարցն է: Իսլամական հանրապետությունում համոզված են՝ հայ-իրանական սահմանի վերացումը Իրանի համար նշանակում է՝
- դեպի Եվրոպա այլընտրանքային երթուղու վերացում,
- էներգետիկ, տարանցիկ նախագծերից ԻԻՀ դուրսմղում,
- Իրանի տարանցիկ դերի նվազեցում,
- Իրանի դեմ պանթյուրքական առանցքի ձևավորում,
- Հակաիրանական ուժերով Իրանի շրջափակում,
- Իրանում անջատողականության հրահրում։
Ըստ էության՝ Հայաստանն Իրանի համար պանթյուրքական առանցքի ձևավորման դեմ պատվար է, դեպի Եվրոպա այլընտրանքային և ոչ թյուրքական երթուղի ունենալու, ինչպես նաև Հարավային Կովկասում իր ազդեցության պահպանման հնարավորություն: Հենց այս պատճառով է, որ 2020թ. պատերազմի օրերից ի վեր, մասնավորապես՝ հոկտեմբերից Իրանը խոսում է աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին և առանձնահատուկ ընդգծում Սյունիքում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Այդ շրջանակներում իրանական կողմը նաև բազմիցս հիշատակում է Հյուսիս-Հարավ միջանցքի համար Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, պատրաստակամություն հայտնում մասնակցել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցմանը: Իրանի կողմից Սյունիքի նշանավորման ամենավառ դրսևորումը Կապանում գլխավոր հյուպատոսության բացումն ու մարզում քաղաքական ներկայություն ապահովելն էր։
Փաստացի, արդեն երկու տարի է՝ Իրանը հավատարիմ է մնացել իր դիրքորոշմանը։ Տարածաշրջանում իր շահերից չբխող փոփոխությունները թույլ չտալու համար Թեհրանն ակտիվացրել է իր բոլոր լծակները՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, քարոզչական և այլն: Ու թեև Ադրբեջանն, օգտվելով նաև Իրանում ներքաղաքական փխրուն իրավիճակից, աջակցում է հակաիրանական արշավին ու Իրանի անկայունացմանը, Թեհրանը նախագահի մակարդակով վերահաստատում է, որ ներքին իրադրությունն Իսլամական հանրապետությանը չի շեղելու իր ռազմավարական շահերից։