Երեկ, երբ Աշխարհի առաջնության եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հաղթանակ տարավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ, Լիոնել Մեսսիին արաբական ավանդական թիկնոց՝ բիշթ է կրել:
Թիկնոցը Մեսսիին է նվիրել Կատարի Էմիր Թամիմ բն Համադ Ալ-Թանին՝ նախքան աշխարհի առաջնության գավաթը վերցնելու պաշտոնական արարողության մեկնարկը:
Իսկ ի՞նչ է «բիշթը»:
Բիշթը երկար թիկնոց է՝ պատրաստված թեթև, հաճախ թափանցիկ կտորից և զարդարված ոսկով: Բիշթը կրում են Պարսից ծոցի ավազանի երկրներում՝ արաբական սպիտակ երկար հագուստների վրայից:
Նախապես այս թիկնոցները կրել են բեդվինները՝ հիմնականում ձմռանը: Սակայն ժամանակի ընթացքում բիշթը սկսել են հագնել հատուկ առիթների և տոնակատարությունների ժամանակ: Թիկնոցը տարբեր գույների է լինում, սակայն առավել տարածված են շագանակագույն, մարմնագույն և սև գույների բիշթերը: Այս թիկնոցները սովորաբար կրում են բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, շեյխեր և բարձրաստիճան կարգավիճակ ունեցող այլ անձինք: Բիշթ կրելը հարգանքի և երախտագիտության նշան է դիտարկվում:
«Դա պաշտոնական առիթի համար նախատեսված զգեստ է և կրում են տոնակատարության ժամանակ: Սա Մեսսիի տոնն էր»,- ասել է Աշխարհի գավաթի կազմակերպման հանձնաժողովի գլխավոր քարտուղար Հասան ալ-Թավադին: