Ադրբեջանը շարունակում է ցեղասպան և հայատյաց քաղաքականություն վարել՝ հավակնություններ ցուցաբերելով նաև Սյունիքի և Երևանի նկատմամբ: Այս մասին հայտարարել է իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ իրանական հեռուստաալիքներից մեկի հաղորդման ժամանակ:
Իրանագետը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ նշելով, որ Արցախի միշտ պատկանել է Հայաստանին թե՛ պատմական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական առումներով։
Փորձագետը շեշտել է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը հերթական անգամ փաստում է, որ Արցախի հայերը Ադրբեջանի կազմում ապագա չունեն և հակամարտության լուծման հիմքում Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի:
Վարդանյանի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է վերադառնալ տարածաշրջան, որ 100 տարի առաջվա իր նպատակներին հասնի, այն է՝ տարածաշրջան առանց հայերի և Հայաստան երկրի:
Վարդանյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ մասնավորապես Լաչինի միջանցքի արգելափակմանը, ինչպես նաև Ադրբեջան-Իսրայել բազմակողմ հարաբերությունների խորացմանը: Իրանագետն ընդգծել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Իրանի դերակատարման կարևորության մասին:
Նշենք, որ սա իրանական հեռուստատեսության պատմության մեջ առաջին նման հարցազրույցն է։ Հայ փորձագետի հարցազրույցը սկանդալ ու հիստերիա է առաջացրել համացանցի ադրբեջանցի օգտատերերի շրջանում։