Այսօր առավոտյան շուրջ 1000 ցուցարարներ են հավաքվել Իսրայելի խորհրդարանի դիմաց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի 37-րդ կառավարության երդմնակալության արարողության կապակցությամբ:
Ցուցարարները ծածանում էին ԼԳԲՏՔ+ դրոշներ և հետևյալ գրությամբ ցուցանակներ. «Զգու՛յշ եղեք, կոռուպցիան վարակիչ է»:
Ցուցարարների շրջանում ոստիկաններ են տեղակայվել՝ փոխհրաձգությունները կանխելու նպատակով:
Նշենք, որ այսօր կայացել է Իսրայելի 37-րդ կառավարության երդմնակալության արարողությունը վարչապետի թեկնածու Բենամին Նեթանյահուի գլխավորությամբ: Այն քաղաքական ուժերը, որոնց հետ համագործակցելով Նեթանյահուին հաջողվեց կառավարություն կազմել, աչքի են ընկել իրենց ծայրահեղական գաղափարներով: Այս համատեքստում պատահական չէ, որ նոր կառավարությունը համարվում է Իսրայելի պատմության մեջ ամենածայրահեղական կառավարությունը:
Նիստի մեկնարկը տվել է Նեթանյահուն՝ ներկայացնելով իր կառավարության անդամներին և առաջնահերթությունները: Նրան հաջորդել է նախկին վարչապետ Յաիր Լապիդը, ով շուտով կդառնա ընդդիմության առաջնորդ։
Նեթանյահուն առանձնացրել է իր կառավարության «ազգային 3 նպատակները», որոնք հետևյալն են. կանխել Իրանի՝ միջուկային տերության վերածվելը, երկրի երկայնքով արագընթաց գնացք ստեղծել և ավելի շատ խաղաղության գործարքներ կնքել արաբական երկրների հետ։
Լապիդն իր ելույթում թվարկել է իր կառավարության ձեռքբերումները՝ այդ թվում Իրանի դեմ ձեռնարկված գործողությունները, Սաուդյան Արաբիայի հետ կապերի ամրապնդումը, Լիբանանի հետ ծովային սահմանազատումը և մի շարք այլ ռազմավարական դաշինքներ։