Հայաստանի Հանրապետության կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։
Լրագրողի հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վարչապետը պատկերացնում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված հարցի լուծումը, ի՞նչ ճանապարհով և ի՞նչ է Կառավարությունը անում այդ ուղղությամբ։ Լրագրողը նաև վարչապետին խնդրեց անդրադառնալ ռուսական հարթակներում տարածված տեղեկությանը, թե Հայաստանը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին, այն է՝ եթե մինչև հունվարի 10-ը չբացվի Լաչինի միջանցքը, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից։
Վարչապետը նախ ասաց, որ չի կարծում, թե գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։
«Այն, ինչ ունենք ասելու տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է և մեծ հաշվով ավելացնելու բան չկա։ Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»,- նշեց վարչապետը։
Վարչապետը անհրաժեշտ է համարում ավելի խորը և ընդհանրական հասկանալ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստը։
«Իմ գնահատմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակն ունի։ Սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի։ Սա պետք է հաշվի առնենք։ Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են և, կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու հարցում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը ուշադրության հրավիրեց այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության վրա։
«Եթե ուշադրություն եք դարձրել, եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին, Հայաստանի Հանրապետության վերաբերյալ որևէ ձևակերպում չկա։ Եվ, կարծում ենք, որ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ և այս գործընթացում և ընդհանրապես որևէ գործընթացում լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող, ընդ որում՝ միջազգայնորեն լեգիտիմ դիրքորոշումները և մոտեցումները և հարցին մոտենում ենք այս տրամաբանությամբ»,- ավելացրեց վարչապետը։