Երևանը և Թեհրանը քույր քաղաքներ ճանաչելու մասին հուշագիր է ստորագրվել։ Տեղեկությունը փոխանցում է ISNA-ն:
Նշվել է, որ հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Երևանի քաղաքպետ Հրաչյա Սարգսյանը և Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը։
Արարողության բացման խոսքում Զաքանին, մատնանշելով հարևանների հետ Իրանի որդեգրած բարիդրացիության քաղաքականությունը, նշել է, որ Հայաստանը նույնպես առանձնահատուկ դիրք ունի Իրանի համար և իրանական կողմը շահագրգռված է երկու երկրների հարաբերությունների ընդլայնմամբ։
«Ես անկեղծորեն տպավորված եմ Թեհրանի մետրո իմ այցելությունից: Այդ իսկ պատճառով, եթե հնարավոր է, խնդրում եմ, որ Թեհրանի քաղաքապետարանի կողմից աշխատանքային խումբ ուղարկվի Հայաստան, կարծում եմ՝ կարող ենք համագործակցել թե՛ նոր տեխնոլոգիաների, թե՛ մետրոյի պահեստամասերի հետ կապված»,- իր հերթին նշել է Հրաչյա Սարգսյանը։
Թեհրանի և Երևանի քաղաքապետերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում։