Փետրվարի 16-ին տեղի են ունեցել Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի (1/16 եզրափակիչ) առաջին հանդիպումները։
Դրանց շրջանակներում Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայացել է թուրքական «Տրաբզոնսփոր» և շվեյցարական «Բազել» ֆուտբոլային ակումբների առաջին հանդիպումը:
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով: Հանդիպումից առաջ թուրք երկրպագուները պաստառ են ծածանել, որի վրա պատկերված է եղել փրկարարի լուսանկար, իսկ վերջինիս սաղավարտի վրա՝ այն երկրների դրոշները, որոնք օգնություն են տրամադրել Թուրքիային ավերիչ երկրաշարժից հետո:
Ուշագրավն այն է, որ այդ պաստառի վրա պատկերված երկրների ցանկում բացակայել են Հայաստանի ու Իսրայելի պետական դրոշները:
Պետք է նշել, որ Թուրքիայի Տրապիզոն քաղաքի բնակչությունը աչքի է ընկնում ծայրահեղ ազգայնական, հակահայկական տրամադրություններով:
Եվ այս ամենը կատարվում է այն պարագայում, որ թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ անձամբ շնորհակալություն են հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար է ուղարկել Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն, որը արձանագրվել է անգամ թուրքական մի շարք հայտնի լրատվամիջոցների կողմից։