2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ բռնկված լայնածավալ պատերազմը և հայության վերապրած մարդասիրական ճգնաժամերն ապացուցում են, որ 1988-ին տեղի ունեցած ջարդերի պատճառներն ու վտանգները պահպանվում են մինչ օրս։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը՝ եգիպտական “Veto Gate” արաբալեզու պարբերականում հրապարակված հոդվածում:
Նշենք, որ հոդվածը նվիրված է Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի 35-րդ տարելիցին:
Հոդվածում դեսպան Փոլադյանը հիշեցրել է, որ մինչ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի ջարդերը, ԽՍՀՄ-ի կողմից իրականացված մարդահամարի տվյալներով՝ Սումգայիթում ապրում էր 18 հազար, Բաքվում՝ 250 հազար, իսկ Կիրովաբադում՝ 48 հազար հայ։
«Հայերի դեմ դաժան գործողություններն արդարացնելու համար Ադրբեջանի իշխանություններն ու քաղաքական ղեկավարությունը իրադարձությունների մեկնարկից մինչ այժմ օգտագործում են բոլոր հնարավոր միջոցները՝ խեղաթյուրելու և կեղծելու պատմական փաստերը, իսկ միջազգային հանրությանը փորձ է արվում ներկայացնել հայերի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հակադիր պատկերը»,- շեշտել է ՀՀ դեսպանը:
Փոլադյանի խոսքով՝ ավելի քան երեք տասնամյակ անց Ադրբեջանը որդեգրել է նույն գործելաոճը՝ փորձելով ուժային ճանապարհով լուծել արցախյան հիմնախնդիրը:
«2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ բռնկված լայնածավալ պատերազմը և հայության վերապրած մարդասիրական ճգնաժամերն ապացուցում են, որ 1988-ին տեղի ունեցած ջարդերի պատճառներն ու վտանգները պահպանվում են»,- նկատել է ՀՀ դեսպանը:
Այս համատեքստում Փոլադյանը նշել է, որ արդեն ավելի քանի երկուսուկես ամիս Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար ճգնաժամի և էթնիկ զտումների վտանգի առջև:
«Անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, քանի որ դա է միակ ուղին Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության և խաղաղության հասնելու համար»,- եզրափակել է ՀՀ դեսպանը: