Տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թյուրքական սցենարի դեմ ցայժմ բաց տեքստով հանդես են եկել միայն Հայաստանն ու Իրանը։ Նման տեսակետ է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Ասվածի համատեքստում փորձագետը նշել է, որ «Միջին միջանցքի» թեմայի հետևողականորեն շրջանառումը նշանակում է թուրք-ադրբեջանկան տխրահռչակ նախագծի՝ ակտիվ քաղաքական օրակարգ վերադարձ: Նրա խոսքով՝ այս մասին են փաստում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ վերջին հարցազրույցներից մեկում «Զանգեզուրի միջանցքի» առնչությամբ Իրանին ուղղված շփոթմունք-հորդորը, ինչպես նաև տարածաշրջանային տարբեր մակարդակներում ակտիվացած շփումները:
Պետրոսյանը շեշտել է, որ Երևանը չի փոխել իր դիրքորոշումը՝ չնայած ադրբեջանական կողմից պարբերաբար կիրառվող նաև ռազմական դիվանագիտությամբ ճնշումներին։ Սակայն հաշվի առնելով Հայաստանի խոցելի վիճակը՝ վերջինին ճնշման ենթարկելու մեխանիզմները բազմազան են։
Փորձագետի խոսքով՝ ներկայումս բազմաշերտ դիվանագիտական-քաղաքական ջանքերի ահռելի ծավալն ուղղված է Իրանի դիրքորոշման վրա ազդելու հարցին։
«Թեհրանից հնչող հրապարակային և ստվերային ուղերձները թույլ են տալիս գնահատել, որ առայժմ իրանական կողմի դիրքորոշումը ճանապարհների հարցում գրեթե համահունչ է հայկականին։ Այս իրողությունը վկայում է այն մասին, որ Թեհրանը, կարծես, դասեր է քաղել նախկին ռազմավարական բացթողումներից»,- ընդգծել է Պետրոսյանը: