Անկախ մայիսի 14-ի ընտրություններում որևէ քաղաքական ուժի հաղթանակից՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը մնալու է անցած երկու տասնամյակների ժառանգության ազդեցության տակ։ Նման տեսակետ է հայտնել Թեհրանի համալսարանի գիտական հանձնաժողովի անդամ Ալի Քալիրադը Ermenihaber.am-ի հետ զրույցում:
-Հարգելի՛ պարոն Ալի Քալիրադ, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկն ընդունելու համար: Պարոն Ալի Քալիրադ, ինչպես գիտենք, մայիսի 14-ին Թուրքիայում կայացել է նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունք կունենա ընտրական գործընթացը։
-Այժմ, երբ մենք ընտրությունների արդյունքների շեմին ենք, և քվեաթերթիկների հաշվարկը մի քանի ժամից կավարտվի, արդյունքների կանխատեսումն ավելի բարդ ու բարդ է, քան նախկինում։ Թվում է, որ չնայած հրապարակված հարցումների արդյունքների և նախնական հաշվարկների, Էրդողանը և նրա դաշնակիցները ի վերջո հաղթում են նախագահական և խորհրդարանական ընտրություններում։ Եթե անգամ նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմադիր թեկնածու Քըլըչդարօղլուն, ապա խորհրդարանական ընտրություններում «Հանրապետական» կոալիցիայի հաղթանակն իրականում նշանակում Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության ազդեցության շարունակությունը Թուրքիայի քաղաքական մթնոլորտի վրա։
-Ձեր կարծիքով՝ Թուրքիայում հնարավոր իշխանափոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա երկրի տարածաշրջանային քաղաքականության վրա։ Անվտանգության միջավայրում հնարավոր փոփոխություն ակնկալու՞մ եք:
-Բնականաբար, ներքին միջավայրի փոփոխությունները, այդ թվում՝ գաղափարախոսությունների, քաղաքական արժեքների և ինքնության փոփոխությունները կարևոր են, բայց անկախ մայիսի 14-ի ընտրություններում որևէ քաղաքական ուժի հաղթանակից՝ Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը մնալու է անցած երկու տասնամյակների ժառանգության ազդեցության տակ։ Մյուս կողմից, Թուրքիան ենթարկվում է միջազգային նոր միտումների և վերանայելու է քաղաքականությունը՝ ինչպես դիմակայել միջազգային համակարգի նոր պայմաններին և դրա տարածաշրջանային հետևանքներին։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների համատեղ փաստաթղթի արտաքին հարաբերություններին վերաբերող գլխում արծարծված թեմաների համաձայն, թվում է, որ Թուրքիայի անվտանգության միջավայրի սպառնալիքների և հնարավորությունների վերաբերյալ նրանց ըմբռնումը սկզբունքորեն չի տարբերվում «Արդարություն և զարգացում» կուսակցության մոտեցումից։
-Իսկ ի՞նչ կասեք ընտրություններից հետո Թուրքիայի և Իրանի հարաբերությունների մասին։ Ըստ Ձեզ՝ հնարավոր իշխանափոխությունն ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Թուրքիա հարաբերությունների վրա։ Ընդդիմության թեկնածու Քաեալ Քըլըչդարօղլուն նշել է, որ Իրանի երթուղին Միջին միջանցքի հիմնական երթուղիներից մեկն է։ Ըստ Ձեզ՝ ընտրությունների արդյունքներն ի՞նչ ազդեցություն կունենան միջազգային տարանցիկ երթուղիների վրա։
-Կարծես՝ Իրանի և Ռուսաստանի մի քանի տարվա ջանքերի հաջող ավարտից ի վեր՝ վերջ դնելու սիրիական ճգնաժամին, ինչպես նաև Դամասկոսի տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբից հետո, այժմ Հարավային Կովկասը դարձել է Թեհրանի և Անկարայի միջև հարաբերությունների կարևորագույն մարտահրավերը։ Եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, ապա, անկասկած, սա ազդեցություն կունենա Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարությունները և այս երկրի կառավարությանը ենթակա լրատվամիջոցների հստակ դիրքորոշումը թուրքական ընտրությունների նկատմամբ։ Իսկ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդները ջանքեր են գործադրում՝ շահարկելով Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ աջ ազգայնական ընտրողների տրամադրությունները փոխելու համար։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ Անկարայի քաղաքականությունը շրջադարձ կկատարի Բաքվի նկատմամբ։ Իհարկե, Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Թուրքիայի կովկասյան քաղաքականությունը բնականաբար կտարվի Եվրամիության նկատառումների ու առաջնահերթությունների շրջանակներում, ինչպիսին է եվրոպական էներգետիկ անվտանգության ապահովման հարցը։ Ուստի Թեհրանն ու Անկարան պետք է լուծումներ գտնեն Հարավային Կովկասում մրցակցությունը կառավարելու համար։ Անկախ նրանից, թե Էրդողանը կհաղթի, թե Քըլըչդարօղլուն, Իրանի և Թուրքիայի տարածքով Արևելք-Արևմուտք տարանցիկ ճանապարհի ամրապնդումն ու զարգացումը կարող է դառնալ համագործակցության առանցքներից մեկը։