Հայաստանն ակնկալում է, որ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նաև հրապարակային կերպով կհաստատի, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29.800 քկմ տարածքով, հակառակ դեպքում Հայաստանը կշարունակի մտահոգություն ունենալ, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքով:
ԱԳ նախարարը նշեց՝ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի հայտարարել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29.800 քկմ տարածքով: Սակայն Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հրապարակելով նաև երկու երկրների տարածքների մակերեսները:
«Եվ դրանից հետո Ադրբեջանի կողմից որևէ հերքում չի արվել: Նույնը տեղի է ունեցել հաջորդ հանդիպումների ընթացքում: Եվ հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով հանդես կգա Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ: Բնականաբար Ադրբեջանը չի առարկում, պնդում է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմն էր: Սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, սակայն նաև հրապարակային հաստատման կարիք կա: Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ»,-ասաց Միրզոյանը:
Այս համատեքստում ԱԳ նախարարը հիշեցրեց Ադրբեջանի կողմից 2022թ սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժումը, նաև մինչև այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը:
Ըստ Միրզոյանի՝ գուցե, իրատեսական չէ սահմանազատման աշխատանքն ամբողջությամբ արագ անել, սակայն հայկական կողմի համար առաջնահերթություն է հնարավորինս հստակ և ավելի քիչ մեկնաբանությունների տեղ թողնող ձևակերպումներով պարամետրերի սահմանումը: