Պակիստանը Իրանին կոչ է արել զսպել Եմենի հութիներին, որոնք վերջին օրերին ակտիվացրել են Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Պակիստանը վերջին 24 ժամվա ընթացքում Իրանին կոչ է արել օգտագործել հութիների վրա ունեցած ազդեցությունը և դադարեցնել Սաուդյան Արաբիայի դեմ հարձակումները։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ հաղորդագրությունը փոխանցվել է Թեհրանին, որտեղից պատասխանել են, որ «Իրանը չի վերահսկում հութիներին»։
Միևնույն ժամանակ, Reuters-ի իրանական երկու աղբյուրներ հայտնել են, որ Թեհրանը նախորդ շաբաթ հութիներին հանձնարարել է հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի դեմ՝ խոստանալով լրացուցիչ ֆինանսավորում և զենք։ Նրանց խոսքով՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի հրամանատարներ մեկնել են Եմեն՝ հարձակումների համակարգմանը աջակցելու համար։
Պակիստանի աղբյուրներից մեկի համաձայն՝ սաուդյան, պակիստանցի և թուրք զինվորականները Ռիադում քննարկել են հնարավոր արձագանքը։ Կողմերը, ըստ աղբյուրի, պայմանավորվել են, որ իրենց ուժերը չեն մտնի Եմեն, իսկ հնարավոր ռազմական գործողությունները կիրականացվեն Սաուդյան Արաբիայի տարածքից։
Մեկ այլ պակիստանցի աղբյուր նշել է, որ Իսլամաբադը դեռ որոշում չի կայացրել պատասխան հարվածներին միանալու վերաբերյալ և ընդգծել է, որ Սաուդյան Արաբիայի հետ ռազմական պայմանագիրը պաշտպանական բնույթ ունի և նախատեսված է թագավորության տարածքի պաշտպանության համար։
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին հութիները հարվածներ են հասցրել Խամիս Մուշայթ քաղաքի ավիաբազային և հարակից քաղաքների նավթային ենթակառուցվածքներին։ Սաուդյան իշխանությունների տվյալներով՝ վիրավորվել է 73 մարդ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Պակիստանը և Թուրքիան պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի դեմ:








