Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը», որի համաձայն՝ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի դեմ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականը։
Համաձայնագիրը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա մեկօրյա աշխատանքային այցի շրջանակում։ Փաստաթղթի հայտարարված նպատակն է տարածաշրջանային խաղաղության, անվտանգության ու կայունության ամրապնդումը։
Ըստ թուրքական կողմի՝ համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը հավաքական զսպման մեխանիզմի ամրապնդումն է։ Այն հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի վրա։ Ըստ այդմ՝ ստորագրող երեք պետություններից որևէ մեկի նկատմամբ զինված հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում բոլոր երեքի նկատմամբ։
Միաժամանակ նշվում է, որ համաձայնագիրը պաշտպանական բնույթ ունի և ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։
Փաստաթուղթը նախատեսում է նաև Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության խորացում։ Նախատեսվում է բարձրացնել երեք երկրների զինված ուժերի փոխգործունակությունը և զարգացնել ռազմական կարողությունների համատեղ օգտագործման մեխանիզմները։
Թուրքական կողմը շեշտել է, որ համաձայնագիրը դիտարկում է ոչ թե որպես ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության կամ այլ տարածաշրջանային գործընկերությունների այլընտրանք, այլ որպես դրանք լրացնող մեխանիզմ։ Համագործակցության հայտարարված նպատակներից են նաև միջազգային ծովային առևտրային ուղիների անվտանգության ամրապնդումը, էներգետիկ անվտանգության ապահովումը և տնտեսական կայունության պահպանումը։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ համաձայնագրի ստորագրումը չի նշանակում թուրքական զինված ուժերի ավտոմատ ներգրավում տարածաշրջանային յուրաքանչյուր ճգնաժամում. զինված ուժերի կիրառման և ռազմական գործողություններին մասնակցության վերաբերյալ որոշումները շարունակելու են ընդունվել Թուրքիայի սահմանադրական կարգի և ազգային որոշումների կայացման մեխանիզմների շրջանակում։







