Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Վրաստան չվերթները։ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տվյալներով՝ վերջին չվերթը գրանցվել է սեպտեմբերի 20-ին։ Այս մասին գրել է վրացական «BM.ge»-ն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիաընկերությունների նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է 27 ավիաընկերություն, որոնցից հինգը չվերթներ էին իրականացնում Իրանից դեպի Վրաստան։ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունից հայտնել են, որ պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների կողմից դեպի Վրաստան չվերթների իրականացումը կսահմանափակվի։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը Իրանի նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ չի սահմանել, այլ գործում է գործող պատժամիջոցների ռեժիմին համապատասխան։
«Համապատասխան պատժամիջոցներ են սահմանվել, և քանի որ Վրաստանը միշտ հաշվի է առնում տարբեր երկրների նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմները, մենք նույնպես համապատասխան որոշում ենք ընդունել»,- ասել է Կոբախիձեն։







