Նախորդ գիշեր Ռուսաստանի հասցրած հարվածների հետևանքով Ուկրաինայում չորս մարդ է զոհվել, ևս վեցը՝ վիրավորվել։ Հարվածներ են հասցվել Դնեպր, Կրիվոյ Ռոգ և Պավլոգրադ քաղաքների արդյունաբերական ձեռնարկություններին։ Այս մասին հայտնել է «Reuters»-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին։
Դնեպրում վնասվել են ձեռնարկություն և պահեստային տարածքներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հարվածներ են հասցվել Ուկրաինայի արդյունաբերական և ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ վառելիքաէներգետիկ ոլորտի և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Նախարարությունից հայտնել են նաև Պոլտավայի շրջանի Կրեմենչուգ քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին հասցված հարվածի մասին։ Դնեպրոպետրովսկի շրջանի ղեկավարի խոսքով՝ վնասվել են նաև Պավլոգրադի և Կրիվոյ Ռոգի ձեռնարկություններ։
Չեռնիգովի շրջանում ռուսական հարվածի հետևանքով վնասվել է էներգետիկ օբյեկտ, ինչի պատճառով էլեկտրամատակարարումը դադարել է շուրջ 100 հազար սպառողի համար։ Պոլտավայի շրջանում ևս հարվածներ են հասցվել արդյունաբերական ձեռնարկության և կարևոր ենթակառուցվածքի օբյեկտի։
Ռուսաստանի հարվածներից հետո Ուկրաինան նույնպես շարունակել է հարվածները Ռուսաստանի տարածքին։ Սամարայի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 297 անօդաչու թռչող սարք։







