Որպես կանոն, նախորդ տասնամյակների հայ-վրացական հարաբերությունները գնահատվում են համագործակցության բարձր մակարդակով։ Վերջին շրջանում արձանագրվում են ջերմ շփումներ և մի շարք դրական ազդակներ երկու կողմից էլ հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում պետք է նկատել, որ հուլիսի 7-ին Վրաստանի Բաթում քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը խոսել են երկու երկրների փոխգործակցության մասին՝ քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական խնդիրներին, վարչապետները պատրաստակամություն են հայտնել նոր փուլ բարձրացնել երկրների միջև տնտեսական համագործակցությունը։ Կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են բարձր մակարդակով երկխոսություն սկսել ռազմավարական հարցերի շուրջ։
Հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգը հագեցած է մի շարք նախագծերով, որոնց իրականացումը, անշուշտ, նոր փուլ է բարձրացնելու երկկողմ հարաբերությունների մակարդակը։ Կողմերը բազմիցս հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու համար։ Երկկողմ համագործակցության շրջանակներում է նաև Հյուսիս-Հարավ, այնպես էլ Արևելք-Արևմուտք երթուղիների հանգուցային կապ ապահովող նախագծերի իրականացումը։ Մշակվում են զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումներ, որոնք կնպաստեն փոխադարձ ներդրումների խթանմանը և գործարար կապերի ամրապնդմանը։ Մեծ է հետաքրքրությունը նաև երկու երկրների ու ժողովուրդների միջև մշակութային փառատոների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների անցկացման ուղղությամբ։
Մինչ կողմերը ցանկանում են հայ-վրացական հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի, հետաքրքիր է հետևել Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական կյանքին, որոնք ուղղակիորեն առնչվում են տարածաշրջանի իրադարձություններին և անմիջականորեն ազդում դրանց վրա։ Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի Վրաստանի իշխանությունը Հայաստանին առնչվող անվտանագային, տնտեսական և քաղաքական հարցերում։
Անվտանգային ոլորտ․ Հայ հասարակության համար ամենացավոտ և առաջնահերթ խնդիրը մնում է Հայաստանի սահմանների անվտանգությունը և արցախահայության ներկայիս ծանր վիճակը՝ կապված Ադրբեջանի ղեկավարության հակահայկական քաղաքականության և Լաչինի միջանցքի արգելափակման հետ։ Այս հարցում վրացական կողմը բազմիցս հայտարարել է ադրբեջանա-հայկական հակամարտության կարգավորման ուղղությամբ ակտիվ միջնորդություն իրականացնելու պատրաստակամության մասին տարբեր հարթություներում և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։ Սկզբունքորեն, վրացական կողմն ազնիվ է այս հարցում երկու կողմերի հետ, և Վրաստանն իսկապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությամբ, բայց վրացական կողմը, ըստ երևույթին, չի կարող լիարժեք միջնորդ դառնալ՝ հաշվի առնելով Վրաստանի սահմանափակ ռեսուրսները և Թուրքիայից ու Ադրբեջանից տնտեսական բնագավառում լայն կախվածությունը։
Տնտեսության ոլորտ․ Եթե ուշադրություն դարձնենք տնտեսական ոլորտին, ապա կնկատենք, որ Վրաստանի տարածքն օգտագործվում է որպես հիմնական տարանցիկ հնարավորություն Հայաստանի համար դեպի հյուսիս և արևմուտք տարբեր եղանակներով ապրանքաշրջանառության համար։ Հատկանշական է, որ Իրանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղու նկատմամբ՝ այս երթուղին դիտարկելով Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի կարևոր մաս։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Իրանի շահագրգռվածությունն առաջին հերթին պայմանավորված չէ տնտեսական գործոնով, այլ բխում է քաղաքական համատեքստից՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մրցակցային հարաբերությունների պատճառով։
Կարևոր է նաև այն, որ Վրաստանն իր հերթին ակտիվ քայլեր է ձեռնարկում Ղազախստանի և Ադրբեջանի հետ Միջին միջանցքի վրացական երթուղու ակտիվացման ուղղությամբ՝ ինչպես ծովային, այնպես էլ երկաթուղային (Բաքու-Թբիլիսի-Կարս) երթուղիներով:
Այնուամենայնիվ, արտաքին տնտեսական հարաբերություններ կառուցելու տեսանկյունից Հայաստանի համար առավել քան կարևոր է զարգացնել վրացական ուղին, հետևաբար, առաջին հերթին պետք է լուծվեն ենթակառուցվածքների հետ կապված բոլոր խնդիրները՝ սկսած միջպետական ճանապարհների բարեկարգումից։
Քաղաքականություն․ Հետաքրքիր է նաև, թե ինչ արտաքին քաղաքականություն է վարում Վրաստանի ներկայիս կառավարությունը իր բոլոր հարևանների և մասնավորապես Ռուսաստանի նկատմամբ՝ Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ կառուցելու ֆոնին։ Քանի որ Հայաստանի համար շատ կարևոր է հասկանալ Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ կառուցող հարևանի դիրքորոշումը միջազգային և հատկապես տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Վերջին, թերևս ամենակարևոր արտաքին քաղաքական իրադարձությունը, որը տեղի ունեցավ վրացական իրականության մեջ, վրաց-ուկրաինական հարաբերությունների լարվածությունն է՝ կապված Վրաստանի երրորդ նախագահ, այժմ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի հետ: Իրադարձությունները ծավալվեցին այնպես, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հորդորով վերջնագրեր ներկայացվեցին Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլիին՝ 48 ժամվա ընթացքում հեռանալ Կիևից և վերադառնալ Թբիլիսի՝ խորհրդակցությունների համար։ Սրան արձագանքեց Վրաստանի ԱԳՆ-ն՝ տարածելով հայտարարություն, որտեղ Ուկրաինայի նախագահի քայլը որակվեց դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև։ Սակայն վրացական կողմն ընդգծում է, որ Վրաստանը չի հրաժարվելու իր անսասան աջակցությունից ուկրաինացի ժողովրդին և Ուկրաինային տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Եվ այս փուլում ձեռնպահ է մնում Ուկրաինայի գործողություններին ի պատասխան որևէ լրացուցիչ արձագանքից՝ երկկողմ հարաբերությունների էլ ավելի սրացումից խուսափելու համար։ Մինչ այս էլ Ուկրաինայի իշխանությունները բազմիցս քննադատել էին Վրաստանին այն բանի համար, որ, փաստորեն, Ուկրաինայի բարեկամ երկիրը չի միացել հակառուսական պատժամիջոցներին։
Հայաստանի համար կարևոր է հետևել վրաց-ուկրաինական նման զարգացումներին, քանի որ դրանց շահագրգիռ կողմերը ոչ միայն երկու երկրներն են, այլև դրանք որոշակիորեն առնչվում են նաև Ռուսաստանին և Արևմուտքին։ Հայաստանը Վրաստանի տարածքով է պահպանում ցամաքային և ծովային կապեր Եվրոպայի հետ, ուստի վրաց-ուկրաինական հարաբերություններում լարվածությունը կարող է թյուրիմացություններ առաջացնել վրաց-արևմտյան հարաբերություններում, ինչը կարող է զգալիորեն վնասել Վրաստանում Արևմուտքի ներկայությանը: Եվ քանի որ Հայաստանն այժմ կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ և տարբեր ուղիներ է փնտրում դրանց լուծման համար, ուստի կարևոր է, որ Վրաստանը, որը փորձում է միջնորդ լինել հակամարտության կարգավորման հարցում, թյուրիմացություններ չունենա իր արևմտյան գործընկերների հետ։
Մոսկվայի համար կարևոր է աշխարհաքաղաքական առավելություններ ձեռք բերել Արևմուտքի նկատմամբ, ուստի Թբիլիսիի տարաձայնությունները Կիևի հետ և հետագա հարաբերությունների վատթարացումը կարող են դիտվել որպես Ռուսաստանի հերթական հաջողությունը: Ռուսաստանը նույնպես գոհ կլինի, եթե Վրաստանը չկատարի Եվրամիության 12 հանձնարարականները և այս տարի նույնպես չստանա Եվրամիության անդամի կարգավիճակ։
Մյուս կողմից, Վրաստանի իշխանությունների քաղաքական գիծը Ռուսաստանի նկատմամբ և դրական ուղերձները Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ ցույց են տալիս, որ Վրաստանն առնվազն տնտեսական հարաբերություններ է պահպանելու Ռուսաստանի հետ։ Ուստի հուլիսի 7-ին երկու երկրների վարչապետների հանդիպումը լավ հնարավորություն է գնահատելու Վրաստանի քաղաքական դիրքորոշումն այս առումով։
Էդվարդ Բերուջանյան