Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման վերաբերյալ Region Monitor-ը զրուցել է իսրայելցի ակտիվիստ, «Forum on the arms trade» ֆորումի փորձագետ, ինչպես նաև «Yanshoof» կազմակերպության (խմբ.՝ միակ կազմակերպությունն է Իսրայելում, որը զբաղվում է իրավական այնպիսի գործողությունների խթանմամբ, որոնք կօգնեն վերջ դնելու իսրայելական զենքի վաճառքին «հանցագործ վարչակարգերին») համահիմնադիր Ավիդան Ֆրիդմենի հետ: Ֆրիդմենը նաև հոդվածներ է գրում «The Times of Israel» և «National Israel News» լրատվամիջոցների համար:
-Հարգելի՛ Ավիդան Ֆրիդմեն, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար: Ադրբեջանն արդեն շուրջ 8 ամիս է` արգելափակել է Լաչինի միջանցքը՝ պաշարման մեջ պահելով Արցախը: Բաքուն դադարեցրել է բնական գազի և էլեկտրաէներգիայի հոսքն Արցախ, իսկ վերջին օրերին արգելում է անգամ հումանիտար բեռնափոխադրումները: Այս ամենը հումանիտար խորը ճգնաժամ է առաջացրել Արցախում, և Արցախի իշխանությունների կողմից երկիրը հայտարարվել է աղետի գոտի: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ադրբեջանի նման քաղաքականության վերջնանպատակը։
-Ադրբեջանը փորձում է ավարտին հասցնել 2020 թվականի պատերազմից ստացած իր ձեռքբերումները և հաստատել իր լիակատար վերահսկողությունը Արցախի վրա։ Արդյո՞ք դրանից հետո էթնիկ զտումներ կիրականացնի ու կփորձի տարածքը մաքրել իր բոլոր հայ բնակիչներից։ Որպես հրեա իմ պատմական փորձն ինձ հուշում է, որ երբ, բռնապետը ձեզ ասում է, որ ուզում է ցեղասպանություն իրականացնել, ապա հավատացեք նրան:
-Ինչպե՞ս կարող են միջազգային հանրությունը, ինչպես նաև Իսրայելն աջակցել այս աղետաբեր ճգնաժամի հանգուցալուծմանը։
-Միջազգային հանրությունը և, հատկապես, Իսրայելը պետք է Ադրբեջանից պահանջեն անհապաղ դադարեցնել Արցախի անօրինական շրջափակումը և թույլ տալ անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրումը։ Իսրայելի զենքն ու սպառազինությունը նշանակալի դեր են խաղացել ներկա իրականության ստեղծման գործում, երբ Ադրբեջանը կարող է խեղդամահ անել Արցախին: Հետևաբար Իսրայելն առավել ևս բարոյական պարտավորություն ունի՝ օգտագործելու իր հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ միջամտելու համար: Եթե Իսրայելը շարունակում է զենք վաճառել սովի միջոցով ցեղասպանություն իրականացնող երկրին, ապա մեղսակից է այդ ցեղասպանությանը:
–Կցանկանայի՝ անդրադառնայինք նաև հայ-իսրայելական հարաբերություններին՝ ի՞նչպես կբնութագրեք դրանք: Ակնհայտ է, որ երկկողմ հարաբերություններում առկա են մի շարք բացթողումներ: Կնշե՞ք դրանք և դրանց պատճառները:
-Հայ-իսրայելական հարաբերությունների վիճակը ես կբնութագրեի ողբերգական, քանի որ քաղաքական սառը հաշվարկը գերակայում է պատմական և բարոյական արժեքներին: Կան բազմաթիվ պատմական և բարոյական ամուր պատճառներ, որոնք խոստանում են ամուր և խորը հարաբերություններ Հայաստանի և Իսրայելի միջև: Երկուսս էլ 20-րդ դարում Հոլոքոստի ենթարկված ժողովուրդներ ենք, երկուսս էլ հնագույն ժողովուրդներ ենք, ովքեր պահպանել են իրենց կապը կրոնի և հինավուրց հայրենիքի հետ, նույնիսկ սփյուռքում, երբ կտրված ենք եղել մեր հողից: Մենք երկուսս էլ փոքր ժողովուրդներ ենք՝ շրջապատված թշնամիներով, որոնք ունեն շատ ավելի մեծ ռեսուրսներ և որոնք օգտագործում են այդ ռեսուրսները՝ աշխարհի երկրներից բարեհաճություն գնելու համար։ Մեծ ողբերգությունն այն է, որ նմանօրինակ ռեսուրսները գնեցին նաև Իսրայելի բարեհաճությունը, մի երկրի, որը պետք է ամենազգայունն ու զգուշավորը լիներ այս հնարքի հանդեպ: Իսրայելը ռեալպոլիտիկի զոհասեղանին զոհաբերում է Հայաստանի հետ իր հարաբերությունները և դրա հիմքում ընկած բարոյական արժեքները: Դրանով մենք լուրջ վնաս ենք հասցնում մեզ։ Ինչպե՞ս կարող ենք բողոքել այն ազգերից, որոնք տեղական քաղաքական նկատառումներից ելնելով հրաժարվում են բավականաչափ քայլեր կատարել Հոլոքոստը ճանաչելու համար, եթե մենք նույնն ենք անում հայկական Հոլոքոստի վերաբերյալ: Ինչպե՞ս կարող ենք բողոքել այն ազգերից, որոնք տնտեսական և անվտանգային նկատառումներից ելնելով՝ զենք են վաճառում Իրանին և այլ թշնամիներին կամ աչք են փակում նրանց ագրեսիաների վրա, երբ մենք նույնն ենք անում Ադրբեջանի նկատմամբ։
–Եվ վերջում. տեղյակ եք, որ Ադրբեջան է այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Ինչպես պարզ դարձավ հանդիպումներից, Բաքվում Գալանտը քննարկել է Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները: Գալանտը նաև անդրադարձել է «Իրանից եկող սպառնալիքներին»: Դուք ինչպես եք վերաբերվում ադրբեջանա-իսրայելական ռազմավարական համագործակցությանը: Արդյո՞ք այն ավելի շատ առավելություններ է պարունակում, թե մարտահրավերներն հաճախ «անտեսվում են»:
-Կասկած չկա, որ Իրանը գոյաբանական մեծագույն վտանգ է ներկայացնում Իսրայելի համար, իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն այս սպառնալիքից պաշտպանվելու մեր կարողության համար:
Ես ոչ մի կերպ չեմ կարող իմանալ, թե որքանով է ճշգրիտ նման գնահատականը։ Ես մուտք չունեմ հետախուզական այն տվյալներին, որոնց վրա հիմնված է այն: Վստահ եմ, որ մեծամասամբ դա ճիշտ է, թեև գիտակցում եմ նաև այն փաստը, որ «անվտանգության մտահոգությունների» մասին պնդումը կարող է երբեմն չափազանցվել, որպեսզի այլ մտահոգություններ թաքնվեն շատ ավելի մեծ ծածկույթի ներքո: Նշենք նաև, որ Իսրայելն իր հում նավթի 65%-ն ներմուծում է Ադրբեջանից։ Այսպիսով, Իսրայելի հարաբերություններն Ադրբեջանի հետ, անկասկած, ներառում են շատ նշանակալից պետական շահեր։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները կարող են պահպանվել ամեն գնով։ Դեռևս կան բարոյական պարտավորություններ, որոնց Իսրայելը պետք է հավատարիմ մնա: Եթե Ադրբեջանն սկսեր իր հրեա բնակչությանը համակենտրոնացման ճամբարներ տեղավորել, մենք կշարունակեի՞նք նրանց անօդաչու թռչող սարքեր վաճառել։ Արդյո՞ք հայերի ցեղասպանությունը պակաս դաժան է: Արդյո՞ք մեզ համար ավելի քիչ արժի հայի կյանքը։ Պետք է բարոյական կարմիր գծեր սահմանվեն: Իսրայելն արդեն հատել է այդ սահմանները՝ լինելով Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարարը 2020-ի հակամարտությանը նախորդող տարիներին և շարունակելով զենք տրամադրել նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանը խախտում էր մարդու իրավունքները, անգամ այն դեպքում, երբ Ադրբեջանին իրենց գործողություններում օգնեցին սիրիացի ջիհադիստները, որոնք վճարվում էին յուրաքանչյուր հայի համար, որին գլխատում էին: Իսրայելը, աչք փակելով Արցախի բնակչության սովի վրա, շարունակում է բարոյական ծանր մեղք գործել: