ԱՄՆ-ն շարունակում է աջակցել խաղաղ բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հիմնախնդիրները լուծելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցություններին Ադրբեջանի չմասնակցության վերաբերյալ հարցին:
«Մենք կխրախուսենք կողմերին ներգրավվել այդ բանակցություններում, անկախ նրանից՝ դրանք կլինեն այստեղ, թե մեկ այլ վայրում և դա շարունակելու է մնալ մեր քաղաքականությունը»,- շարունակել է խոսնակը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ-Բրայենի հայտարարություններին՝ դրանք անվանելով «կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հրաժարվում են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից։