Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով։
Հաքան Ֆիդանը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան գործընթացին:
«Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության ապահովումը ոչ միայն տարածաշրջանի համար, միջազգային անվտանգության և փոխկապվածության տեսանկյունից ևս ծայրաստիճան կարևոր է։ Հավատում ենք, որ 2020թ․-ի նոյեմբերից ի վեր, երբ ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, պատմական հնարավորություն է ի հայտ եկել այս նպատակին հասնելու համար։ Սպասում ենք, որ տարածաշրջանի մյուս երկրներն էլ «հաղթում են երկու կողմերն էլ» (Win-Win) ըմբռնմամբ կառուցողական մոտեցում ցուցաբերեն և աջակցեն տարածաշրջանային և միջազգային կապի նախագծերին, ինչպիսին է Զանգեզուրի գիծը։ Այսօր թանկագին գործընկերներիս հետ մեր խորհրդակցությունների ընթացքում քննարկեցինք նաև մեր տարածաշրջանում շարունակվող խաղաղության և կարգավորման գործընթացները։ Բայրամովը մեզ տեղեկացրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների վերջին զարգացումների մասին»,- նշել է նա։