Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխը (նստավայրը` Թբիլիսի):
Նախագահը շնորհավորել է Սալման Աբդ Ալ-Ռահման Ալ Ալ-Շեյխին Հայաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության առաջին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինիս նշանակումը կամրապնդի և նոր թափ կհաղորդի մեր երկրների միջև անցյալ տարվա նոյեմբերին հաստատված դիվանագիտական հարաբերություններից ի վեր ձևավորվող երկկողմ ու բազմակողմ համագործակցության օրակարգին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խթանման նպատակով խորհրդակցությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջաններում առկա իրողություններին և զարգացումներին, այս կապակցությամբ երկուստեք շեշտվել է տևական խաղաղության և կայունության հաստատման հրամայականը, ինչպես նաև հակամարտությունները խաղաղ բանակցային ճանապարհով, միջազգային գերակա նորմերի և սկզբունքների շրջանակում լուծելու անհրաժեշտությունը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ինչպես Հայաստանի և Սաուդյան Արաբիայի, այնպես էլ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական կապերի և համագործակցության զարգացման հնարավորությունների և առկա ներուժի իրականացման ուղիների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմնական սկզբունքների և նպատակների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը և ինքն անձամբ, հնարավորինս կաջակցեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ուղղված երկկողմ նախաձեռնություններին: