Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում մի քանի նավ է հարձակման ենթարկվել։ Այս մասին հոկտեմբերի 11-ին գրել է «AL Jazeera»-ն։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տվյալներով՝ հոկտեմբերի 10-ին նավթատար լցանավը Հորմուզի նեղուցում բախվել է ծովային ականին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կորպուսը զգուշացրել է, որ նեղուցի անվտանգության կանոններն անտեսող նավերը կարող են նման վտանգի ենթարկվել։ Հոկտեմբերի 11-ին էլ անհայտ արկ է հարվածել նեղուցից դուրս եկող նավթատարին։
Նույն օրը ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Օմանի ծոցում գտնվող բեռնատար նավին։ ԱՄՆ-ի տվյալներով՝ նավը փորձել է խախտել Իրանի հարավային նավահանգիստների ռազմածովային շրջափակումը։ ԱՄԷ-ի առափնյա պահպանությունն էլ հայտնել է, որ իր ափերի մոտ հրդեհված նավթատարից փրկել է 22 նավաստու։
«Al Jazeera»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 5-ին ավարտված շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել առնվազն 12 նավ։ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումները նույնպես նվազել են․ հոկտեմբերի 7-ին ավարտված շաբաթվա ընթացքում օրական միջին ծավալը կազմել է 8,5 միլիոն բարել՝ սովորականից շուրջ 40 տոկոսով պակաս։
Ըստ լրատվականի Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով բանակցությունները շարունակվում են, սակայն առաջընթացի նշաններ չկան։ ԱՄՆ-ը պահանջում է, որ Իրանը կրճատի ուրանի հարստացման կարողությունները, մինչդեռ Թեհրանը հայտարարել է, որ չի հրաժարվի ուրանի հարստացումից։







