Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատերազմի դեպքում տարածաշրջանում կարող են թիրախավորվել ԱՄՆ-ի տվյալների կենտրոնները, կապի մալուխներն ու արհեստական բանականության ենթակառուցվածքները։ Region Monitor-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Ռեզայիի խոսքով՝ ԱՄՆ-ն Արաբական Միացյալ Էմիրություններում և Հորմուզի նեղուցի շրջակայքում ունի ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք Իրանը դեռևս չի ներառել թիրախների ցանկում։
Նա նաև հայտնել է, որ վերջին երկու ամսվա ընթացքում ԱՄՆ-ն Պակիստանի, Կատարի և Իրաքի միջոցով Իրանի հետ կապ է հաստատել և առաջարկներ ներկայացրել։ Ռեզայիի խոսքով՝ Իրանը Վաշինգտոնին յոթ պայման է ներկայացրել և զգուշացրել, որ մինչև դրանց կատարումը Հորմուզի նեղուցը չի բացվի և բանակցություններ չեն անցկացվի։
Ռեզային նշել է, որ ԱՄՆ-ն պատասխանել է Իրանի պահանջներին, սակայն Թեհրանը պատասխանը բավարար չի համարում և սպասում է մի շարք հարցերի հստակեցմանը։
«Նրանք ընդունել են մեր պայմաններից մի քանիսը, սակայն մյուսների վիճակը դեռևս անորոշ է, և կան հստակեցման ենթակա հարցեր: Մենք այլևս ամերիկացիներին պատասխանելու փուլում չենք. նրանք են պատասխանել մեզ, և մենք նրանց պատասխանը համարում ենք անբավարար։ Նրանք պետք է պարզաբանեն այն հարցերը, որոնք մեզ համար մնում են անորոշ։ Պետք է տեսնենք՝ կարող են դա անել, որպեսզի սկսվեն հաջորդ փուլերը, թե ոչ»,- ընդգծել է նա:







