Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով և կոչ է անում երկրի կառավարությանն անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց։ Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ արձագանքելով Ադրբեջանում Abzas Media-ի հետաքննության շրջանակներում ձերբակալված հայտնի տնտեսագետ և լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների շարունակական ձերբակալություններով: Նրանք, ովքեր օգտվում են իրենց հիմնարար ազատություններից՝ ներառյալ ազատ արտահայտվելու իրավունքը, չպետք է ձերբակալվեն դրա համար: Եվ մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանն անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց և հարգել մարդու իրավունքներն ու բոլորի հիմնարար ազատությունները»,- ընդգծել է Միլլերը։
Նշենք, որ Բաքվի դատարանը 3 ամիս 20 օր ժամկետով կալանավորել է տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն, ով ներգրավված է Abzas Media անկախ հրատարակության գործով: Դրա մի խումբ աշխատակիցներ մեղադրվում են կազմակերպված խմբի կազմում արժույթի մաքսանենգության մեջ: