Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը։ Համապատասխան նախագիծը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կառավարության հունիսի 20-ի նիստի ժամանակ:
Փոխվարչապետը նշել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի սոցիալ տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը։
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- հայտարարել է փոխվարչապետը։
Փոխվարչապետը տեղեկացրել է, որ մեկ այլ համաձայնագրով, որը կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում է, ԵՄ-ն ևս 3 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի։
«Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու կառավարությանը առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,-եզրափակեց փոխվարչապետը։