Այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,1%-ով, իսկ կիսամյակի կտրվածքով աճը կազմել է 10,4%:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճ են գրանցել տնտեսության հետևյալ ճյուղերը. շինարարություն՝ 18%, առևտրի շրջանառություն՝ 16,2%, ծառայություններ՝ 7,8%, արդյունաբերություն՝ 1,4%։
Հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առավել մեծ աճ է գրանցել առևտրի շրջանառությունը` 22,9%, շինարարությունը` 18,2%, ծառայությունները՝ 4,4%, արդյունաբերությունը` 18,2%, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 5%, գյուղատնտեսությունը` 4%:
Հունիսին հատկապես արդյունաբերության ոլորտում աճի շեշտակի կրճատումը, որն անցած ամիսներին աճում էր առաջանցիկ տեմպերով, բացատրվում է ոսկերչության ոլորտում աճի դինամիկայի կտրուկ անկմամբ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն` չնայած արդյունաբերության ոլորտում աճի դանդաղմանը, հունիսին զգալի աճ է գրանցել արտաքին առևտրաշրջանառությունը` 34,6%` հասնելով 2 մլրդ դոլարի: Արտահանումն աճել է 59,9%-ով` կազմելով 856 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 20,6%-ով` հասնելով 1,1 մլրդ դոլարի: