Հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ծավալվող գործընթացը բազմակողմանիորեն ներկայացնելու համար Ermenihaber.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք հայ և թուրք տնտեսագետների հետ։ Հայ-թուրքական սահմանի բացումը ի՞նչ հետևանքներ կունենա կողմերի համար։ Ի՞նչ հաշվարկելի ռիսկեր կան։ Արդյո՞ք Հայաստանի արտադրողները կարող են արդյունավետ մրցակցել թուրքական ընկերությունների հետ։ Այս և այլ հարցերի շուրջ Ermenihaber.am-ի թղթակից Անի Գալստյանը զրուցել է տնտեսագետ, «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանի հետ։
– Բազմաթիվ կարծիքներ են հնչում հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ։ Պրն Ջրբաշյան, ըստ Ձեզ, հատկապես ո՞ր ոլորտների վրա ազդեցություն կլինի։
– Սահմանների բացման հնարավոր ազդեցության գնահատման հետ կապված խնդրին առաջին անգամ առնչվել եմ դեռ 2006-2007թթ. բանակցային գործընթացի ժամանակ, երբ հանդիսանում էի Հայ-եվրոպական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) ղեկավար։ Մեր առջև ՀՀ կառավարության և Եվրամիության (ԵՄ) կողմից խնդիր էր դրվել հասկանալու սահմանի հնարավոր բացման ազդեցությունը Հայաստանի և, ավելի լայն առումով, տարածաշրջանի տնտեսության վրա։ Հաշվի առնելով խնդրի բավական շատ քաղաքականացված լինելը՝ մենք բարդ տնտեսագիտական, էկոնոմետրիկ մոդել կառուցեցինք, որը մինչ օրս հանդիսանում է միակ նմանատիպ փորձը գնահատելու արտաքին միջավայրի և երկրում վարվող տնտեսական քաղաքականության փոփոխության ազդեցությունը տնտեսական զարգացման հեռանկարների վրա։
Փորձ էր արվել մոդելավորել Հայաստանի տնտեսությունը և հասկանալ թե՛ ուղղակի և թե՛ անուղղակի ազդեցությունները՝ ներառյալ տնային տնտեսությունները, հավաքված հարկերը, ապրանքային շուկաները, ծառայությունները և այլ ոլորտները։ Այդ հետազոտությամբ մենք փորձել էինք գնահատել սահմանի հնարավոր բացման ինչպես մակրո, այնպես էլ միկրո տնտեսական ազդեցությունները։ Մինչ օրս, որքան ես տեղյակ եմ, այս խնդրի վերաբերյալ դրանից ավելի խորքային ու համապարփակ վերլուծություն չի արվել։ Մոդելի ստեղծման աշխատանքներին մասնակցել են մասնագետներ թե՛ Հայաստանից և թե՛ Եվրոպայից։ Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ այն ուղարկվել է նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հեղինակավոր փորձագիտական կենտրոններ։ Պետք է նշեմ, որ մեր մշակած մոդելը ստացավ բավականին բարձր գնահատական միջազգային բոլոր փորձագետների կողմից։ Նաև նշեմ, որ այս հետազոտությունն ակտիվորեն քննարկվել է Ստամբուլի համալսարանի օնլայն հարթակներում և այլ ֆորումներում ու առայժմ միակն է, որտեղ անդրադարձ է կատարվում հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքներին։
Ինչպես նշեցի, հետազոտությունն իրականացվել 2006-2007թթ և ակնհայտ է, որ այսօր այս հարցին պրոֆեսիոնալ և հիմնավորված պատասխան ունենալու համար անհրաժեշտ է կատարել նմանատիպ նոր վերլուծություն՝ համապատասխան նոր մոդելի կառուցմամբ։ Դա պայմանավորված է և աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ, և տնտեսության այլ կառուցվածքով երկու երկրներում էլ, և բնակչության և աշխատաշուկայի փոփոխված կառուցվածքով: Ուստի ակնհայտ է, որ չենք կարող ուղղակի կիրառել այն ժամանկվա տվյալները։ Կարելի է, իհարկե, փորձել հիմնական շեշտը դնել որակական ցուցանիշների վրա, որովհետև քանակական ցուցանիշներով կամ թվերով շատ դժվար է հիմա գնահատել, բայց, իմ կարծիքով, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա հիմնական ազդեցությունն ավելի շատ կապված է լինելու ոչ այնքան հայկական և թուրքական շուկաների փոխադարձ բացման հետ, որի հետ կա լուրջ խնդիր, այլ ավելի շատ Հայաստանի արտահանման և ներմուծման համար Թուրքիան որպես տրանզիտային երկիր օգտագործելու տրամաբանության ներքո։
Անդրադառնանք Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների այն առանձնահատկությանը, որի մասին, ցավոք, շատ քիչ է խոսվում, բայց այն առկա է։ Այդ առանձնահատկությունն այն է, որ 2000-ականների սկզբին Հայաստանի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) անդամակցության բանակցությունների ժամանակ Թուրքիան երկար քննարկումներից հետո համաձայնեց կողմ քվեարկել Հայաստանի անդամակցությանը՝ երկու վերապահումով (ԱՀԿ-ի անդամակցության համար պետք է լինի կոնսեսուս՝ բոլոր անդամները պետք է կողմ լինեն)։
Առաջին վերապահումը վերաբերում էր նրան, որ Թուրքիան սահմանեց, որ ինքը չի կիրառելու ԱՀԿ-ի կանոնները Հայաստանի հետ առևտրային հարաբերություններում, այսինքն քվեարկում է կողմ, բայց չի կիրառելու առևտրային հարաբերություններում, իսկ երկրորդ վերապահումով Հայաստանը վերցրեց պարտավորություն, որ անկախ նրանից, թե երբ Ադրբեջանը կդիմի ԱՀԿ-ին անդամակցելու համար, Հայաստանն ի սկզբանե կողմ կլինի և խնդիր չի ստեղծի։
Հիմա սահմանների բացումը ենթադրում է, որ Հայաստանը և Թուրքիան պիտի ունենան նաև առևտրային համաձայանգիր, չնայած երկու երկրներն էլ հանդիսանում են ԱՀԿ անդամ, բայց, քանի որ Թուրքիան կիրառել է նմանատիպ պայման, հետևապես պետք է բանակցվի նոր առևտրային պայամանգրի շուրջ։ Սակայն այսօրվա իրողություններում, երբ 2015-ից հետո Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այդպիսի բանակցություններ վարելու իրավասություն մեր երկիրը չունի։ Ուստի իմ կարծիքով նախքան սահմանի հնարավոր բացման ազդեցությունը գնահատելը պետք է նախ հասկանալ, որ սահմանների բացումը մեր երկու երկրների շուկաների հասանելիության տեսանկյունից դեռևս խնդիր է։
Հիմա անդրադառնանք նրան, թե ինչու է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ տրանզիտն է Հայաստանին հետաքրքիր։ Առաջինը այն պատճառով, որ Հայաստանը չի փակել իր շուկան թուրքական ապրանքների համար՝ բացառությամբ 2020-ի պատերազմին հաջորդած մի քանի ամսվա։ Թուրքական ծագման սերտիֆիկատներով ապրանքներն այսօր էլ առկա են մեր շուկայում, այլ հարց է, որ այդ ապրանքները հայկական շուկա են մտում հիմնականում վրացական ճանապարհով՝ վրացի միջնորդներին թողնելով որոշակի «պրեմիա»։ Ենթադրվում է, որ սահմանների բացման դեպքում և առևտրային համաձայնագրի հետ կապված խնդրի կարգավորումից հետո կարող է լինել այդ «պրեմիաների» նվազում, եթե առևտրային համաձայնագիրը զրոյական պայմաններ ենթադրի, ինչպես պետք է լիներ ԱՀԿ-ի ամբողջական համաձայնագրի դեպքում։
Այսինքն փոփոխությունը, կապված թուրքական ապրանքների Հայաստանի ներքին շուկայում ներկայության հետ, լինելու է բավականին սահմանափակ։ Լինելու է «պրեմիայի» վերացում, հետևապես իրենք դառնալու են ավելի մրցունակ «պրեմիայի» չափի հաշվին։ Սակայն ԱՀԿ-ի համաձայնագիրը կարգավորում է ոչ միայն տարիֆները, այլ նաև ոչ տարիֆային կարգավորումները, մասնավորապես պետության կողմից այս կամ այն ոլորտին կամ ուղղությանը համապատասխան սուբսիդավորման և դոտացիաների հնարավորությանը, հետևաբար Թուրքիան իրավական դաշտում այսօր իրավունք ունի, օրինակ, որոշակի քաղաքականություն վարել պետության կողմից առևտրային շրջանառության հետ կապված։ Դրա համար երկու երկրների միջև առևտրային համաձայնագիր է անհրաժեշտ։ Այլ հավասար պայմանների դեպքում, եթե մենք չունենք այդ պայմանագիրը և չկան դոտացիաներ, փոխվելու է վրացիների «պրեմիան»։
– Ի՞նչ դիտարկում ունեք սահմանի բացման դեպքում հայկական ապրանքների հնարավոր արտահանման հեռանկարների վերաբերյալ։
– Ինչ վերաբերում է հայկական ապրանքների արտահանման հնարավորությունների բացմանը դեպի թուրքական շուկա, ապա իրականում ներկայումս նման պոտենցիալ ունեցող ապրանքային խմբեր գրեթե չկան։ Վերջերս արտահանման ռազմավարության մշակման շրջանակներում Հայաստանից արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքախմբերի մեծ վերլուծություն ենք իրականացրել և կարող ենք ասել, որ դեպի Թուրքիա արտահանման պոտենցիալ ունեցող ապրանքախմբեր, որոնք կարող են մրցունակ լինել թուրքական շուկայում, Հայաստանում չկան, բացառությամբ, թերևս, էլեկտրաէներգիայի։
Այսպես, հաշվի առնելով ռեգիոնալ տեսանկյունից Թուրքիայիում էլեկտրաէներգիայի բաշխման ոչ հավասար համակարգը՝ մասնավորապես Հայաստանին սահմանակից տարածքներում դրանք ավելի քիչ զարգացված են և էլեկտրաէներգիայի դեֆիցիտ կա։ Նման տարածաշրջանային ոչ հավասար զարգացման պարագայում գուցե ինչ-որ չափով հնարավոր է Թուրքիային Հայաստանը հետաքրքրի որպես էլեկտրաէներգիայի արտահանող, սակայն դա էլ պետք է լուծվի առևտրային համաձայանգրի շրջանակներում։ Ասեմ ավելին, Թուրքիան ունի խնդիր էլեկտրաէներգիայի տեսանկյունից, որովհետև Թուրքիայի էլեկտրաէներգիայի բավականին զգալի մասը՝ մոտ 30%-ը, մինչև հիմա արտադրվում է ածուխի հիման վրա, ինչը խնդիրներ է առաջացնում կարբոնային հետքի (Carbon footprint) թուրքական ապրանքները եվրոպական շուկաներին վաճառելու համար, որովհետև եվրոպացիները պահանջ են դրել, որ այն ապրանքները, որոնք վաճառվում են Եվրոպայում պետք է ունենան կարբոնային սերտիֆիկատ, այսինքն որքան ածխաթթու գազ է արտանետվել այդ ապրանքի ամբողջ կյանքի ցիկլի շրջանակներում։ Ածխի հիման վրա էլեկտրաէներգիա արտադրելը նախևառաջ ազդում է մրցունակության վրա և այդ պատճառով Թուրքիան այսօր ակտիվ համատեղ նախագծեր է իրականացնում ՌԴ-ի հետ ատոմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։
Կոնկրետ շուկաների նկատմամբ շատ մեծ, կտրուկ փոփոխություններ, եթե իհարկե առևտրային համաձայնագիրը նորմալ բանակցվի, ես չեմ տեսնում, բայց տրանզիտի դեպքում բավական լուրջ փոփոխություններ կարող են լինել հաշվի առնելով, որ մենք կարող ենք ստանալ ցամաքային մուտք դեպի Եվրամիություն։ Բայց շատ ավելի կարևոր է մեր հասանելիությունը Միջերկրական ծովի նավահանգիստներին, որոնք թե՛ իրենց կարգավիճակով, թե՛ նավահանգիստների խորությամբ, ենթակառուցվածքներով անհամեմատ ավելի արդյունավետ են, ավելի լավ պայմաններ են առաջարկում, քան այսօրվա գործող Փոթի և Բաթումի նավահանգիստները։ Վերջիններս, օրինակ, չեն ընդունում օվկիանոս-օվկիանոս նավեր, ինչը ենթադրում է, որ եթե արտահանում ես հեռու կետեր, քո կոնտեյներները Փոթիում բեռնվում են նավերի վրա հետո պետք է գնան որևէ տեղ վերաբեռնվեն օվկիանոսային նավերի վրա, ինչը ավելացնում է տրանսպորտային արժեքը։ Միջերկրական ծովի Թուրքիայի նավահանգիստները թույլ են տալիս ավելի արդյունավետ իրականացնել և այդտեղ տրանզիտի լոգիստիկ ծախսերի նվազման հետևանքնով հայկական ապրանքներն ընդհանրապես դառնում են ավելի մրցունակ այլ շուկաներում։
Որպես կանոն միջսահմանային առևտուրը նպաստում է նաև սահմանների երկու կողմերի ռեգիոնների ակտիվացմանը։ Սկսած ծառայություններից, որոնք այդ սահմանամերձ տարածաշրջաններում տրամադրվում են թե՛ լոգիստիկ փոխկապակցված ծառայությունների տեսքով, թե՛ մարդկանց հոսքերի արդյունքում բավական կազդեն ռեգիոնների զարգացվածության վրա։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ երկրների մակրո մակարդակում նմանատիպ մեծ ազդեցություն չենք կարող սպասել։ Այստեղ կա նաև մեկ այլ կարևոր կետ, որի մասին մենք մոռանում ենք, շատ չենք խոսում, բայց ես հնարավոր բոլոր տեղերում 10-15 տարի առաջ էլ ու հիմա էլ բարձրաձայնում եմ։ Այդ սահմանը միայն Թուրքիայի ու Հայաստանի սահմանը չէ, իրականում այն առաջին հերթին Թուրքիայի կողմից ԵՄ – Թուրքիա մաքսային միության, իսկ Հայաստանի կողմից ԵԱՏՄ սահմանն է։ Այսպես, ԵՄ մաքսային միության պայմանագրով ենթադրվում է, որ երկրները համատեղ են որոշում 3-րդ երկրների նկատմամբ սահմանի անցման տարիֆային ու ոչ տարիֆային կարգավորումները։ Կարծում եմ, որ Հայաստանի համար ամենաձեռնտու մոդելն այսօր Եվրամիության միջնորդությունն է սահմանների բացման գործընթացին՝ հաշվի առնելով, որ այդ սահմանը հանդիսանում է նաև Եվրամիության մաքսային սահմանը։ Մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ՝ այդ սահմանը միայն Հայաստանի սահմանը չէ, այլ նաև Եվրասիական միության մաքսային սահմանն է, ուստի բավական բարդ առևտրատեսական, իրավական ռեժիմներով կարգավորվող սահման է դա լինելու թե՛ երկրների, թե՛ մեծ միությունների անդամակցության առումով։ Բայց, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ առնվազն Հայաստանը կարող է առաջարկել ԵՄ-ի մասնակցությունն այդ սահմանի բացման բանակցություններին, որովհետև, նորից եմ կրկնում, դա միայն Հայաստանի և Թուրքիայի սահմանը չէ։ Կարծում եմ դա է նաև պատճառը, որ թուրքական կողմի հետ կարողացել ենք համաձայնեցնել, բայց ոչ առայժմ իրականացնել, 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման հնարավորությունը, որովհետև,կարծում եմ, իրենք շատ լավ հասկանում են, որ այդ սահմանը Եվրամիության մաքսային սահմանն է և Թուրքիան պարտավորություն ունի այդ սահմանը համապատասխանեցնել ԵՄ-Թուրքիա մաքսային միության կանոններով գործող կարգավորումներին, և այս իմաստով ԵՄ-ի դերակատարումը շատ-շատ կարևոր է։
Վերջերս ներկա էի APRI Armenia-ի ֆորումին, որին օնլայն մասնակցում էր նաև թուրք փորձագետ, ում ես տվեցի այդ հարցը՝ ասելով «Չե՞ք կարծում, որ դա միայն Թուրքիայի և Հայաստանի սահմանը չէ, որ փակված է ձեր կողմից։ Կարող է դուք Հայաստանի համար պետք է փակեք սահմանը, բայց չեք կարող փակել Հայաստան-ԵՄ և ԵՄ-Հայաստան հոսքը»։ Նա միանգամից խուսափեց պատասխանից, քանի որ դա իրենք էլ լավ գիտեն և հասկանում են, որ այն խնդիր է իրենց համար։
– Հայ-թուրքական սահմանի բացումն ի՞նչ հետևանքներ կունենա կողմերի համար։ Ի՞նչ հաշվարկելի ռիսկեր կան։
– Ռիսկերը հիմնականում պայմանավորված են նրանով, որ առևտրային ռեժիմները չկան և դժվար է կանխատեսել կողմերի վարքագիծը բանակցության արդյունքում։ Կարծում եմ ամենալավ լուծումը կլիներ այն, որ պարտավորվեինք ԱՀԿ պայմանները կիրառել և բանակցային գործընթացի մեջ էլ չընկնել, բայց դա, իհարկե, կախված է կողմերի ցանկությունից և ես չգիտեմ թե ինչքանով Թուրքիան պատրաստ կլինի դրան։ Իրականում մենք ենք ավելի շահագրգրված և պետք է դա գիտակցել, որ հետո փաստի առաջ չկանգնենք, որովհետև մեզ ավելի հետաքրքիր է ապահովել մեր շուկայի նկատմամբ հակադեմպինգային և հավասար «Most-favoured nation»-ի կարգավիճակ ունենալու ռեժիմը, որը տալիս է ԱՀԿ-ն։ Վերջինիս դեպքում, Թուրքիան սահմանափակված կլինի հատուկ մեր երկրի ապրանքային հոսքերի նկատմամբ որոշումներ կայացնելիս։ Մյուս խնդիրը, որի մասին ևս ուզում եմ խոսել, կապված է մեզ համար շատ հետաքրքիր տրանզիտի հետ։ Հայաստանը, ցավոք, արդյունավետ չի օգտագործում անդամակցությունը ԱՀԿ ծովային հասանելիություն չունեցող երկրների ակումբին։ Իմ կարծիքով դա լուրջ խնդիր է, քանի որ այդ ակումբում պաշտպանվում են ընդհանուր շահերը մասնավորապես տվյալ երկրների համար արտոնյալ ռեժիմ՝ կապված դեպի ծովային նավահանգիստներ հասանելիության հետ։
ՄԱԿ-ի շրջանակներում 1982թ-ից գործում է միջազգային կոնվենցիա, որը կոչվում է Ծովային իրավունքի կոնվենցիա։ Այդ կոնվենցիան ստորագրել են 170 երկիր, ներառյալ Հայաստանը (վավերացվել է 2002թ-ից)։ Այն սահմանում է ծովային իրավունքի հետ կապված հարաբերությունները՝ ունենալով նաև մաս (chapter), որը վերաբերում է ծովային երկրների հարևան հանդիսացող դեպի ծով ելք չունեցող երկրների հասանելիությանը ծովային ենթակառուցվածքներին։ Այս համատեքստում ունենք հետևյալ պատկերը․ մեր հարևան 3 ծովային հասանելիություն ունեցող երկրներից՝ Վրաստանից, Իրանից և Թուրքիայից, միակ երկիրը, որը ստորագրել և վավերացրել է պայմանագիրը Վրաստանն է (վավերացվել է 1996թ-ից)։ Իրանը ստորագրել է, բայց չի վավերացրել, իսկ Թուրքիան եզակի երկրներից մեկն է, որ ոչ ստորագրել է, ոչ էլ վավերացրել է այն՝ պայմանավորված հարևան երկրների հետ ունեցած տարածքային ջրերի վերաբերյալ վեճերով, կոնվենցիայով սահմանված առանձնահատուկ տնտեսական գոտու որոշման սկզբունքի հետ անհամաձայնությամբ, ինչպես նաև Կիպրոսի անդամակցությամբ։ Սա խնդիր է, որովհետև, եթե ստորագրեր, ենթադրվում է, որ այդ երկիրը իր հարևանին, որը ծովի հասանելիություն չունի, պետք է տար արտոնյալ հասանելիություն ծովային ենթակառուցվածքին։ Եթե Թուրքիան հանդիսանար այդ կոնվենցիայի կողմ, դա մեզ հնարավորություն կտար բանակցել դեպի Միջերկրական ծովի նավահանգիստներ հասանելիություն ունենալու հարցում։ Մեկ այլ հարց է, որ Հայաստանը մինչ օրս լիարժեք չի օգտվել Վրաստանի հետ այդ հարցը քննարկելուց, այն դեպքում երբ Վրաստանը այդպիսի պարտավորվածություն ունի։
– Թուրքիայի փափուկ ուժի գործիքակազմի մեջ առանցքային դեր ունի տնտեսական գործոնը։ Արդյո՞ք Հայաստանի արտադրողները կարող են արդյունավետ մրցակցել թուրքական ընկերությունների հետ։
– Իհարկե, Թուրքիան որպես իր փափուկ ուժի դրսևորում շատ է օգտագործում տնտեսական ազդեցությունը իր ներդրումային քաղաքականության միջոցով և Վրաստանի փորձը դրա վառ օրինակն է։ Կարող եմ ասել, որ այլ երկրներում թուրքական ներդրումները բավականին քաղաքականցված են, բայց միևնույն ժամանակ բավական պրագմատիկ են։ Ներդրումները շատ տրամաբանական են կատարվում և դրա վառ օրինակ է թուրքական բազմածավալ ներդումները Կենտրոնական Ասիայի երկրներում։ Իհարկե, այդտեղ կա ուղղորդում, քաղաքական բանաձևերի և քաղաքական նպատակների, բայց շատ պրագմատիկ են իրենց քայլերի մեջ։ Կարծում եմ Հայաստանը նույնպես կարող է ունենալ նմանատիպ ներդումների ներհոսք, սակայն պետք է պատրաստ լինել դրան՝ փոփոխելով մեր երկրի ներքին կանոնակարգերը։ Ինչքան ավելի ուժեղ է կառուցված քո երկրի ինստիտուցիոնալ համակարգը, այնքան ներդրումներն ավելի քիչ քաղաքական ազդեցություն կարող են ունենալ։ Ես կողմ եմ ներդրումներին, խնդիր ունեմ քաղաքական հնարավոր ազդեցության հետ։ Կարծում եմ, որ այսօր Հայաստանի համար դա խնդիր է, որովհետև Հայաստանն այդ ինստիտուցիանալ կառուցվածքը և համակարգը չունի, դրա համար այսօր կատարվող ներդրումները կարող են քաղաքական ազդեցություն ունենալ։ Մենք պետք է հասկանանք, որ ներրդումային ոլորտն անհրաժեշտություն ունի շատ ավելի հստակ և ճիշտ կարգավորումների՝ բացառելու հնարավոր քաղաքական ազդեցությունները, այլ ոչ թե արգելելու։ Խաղի կանոններ պետք է լինեն, իսկ մենք դրանք հիմնականում չունենք։
Սահմանի բացումը պրոցես է լինելու, միանգամից չի լինելու, այլ հարց է, որ մենք այսօր պետք է պատրաստավենք նրան, ինչը կատարվելու է 5-10 տարի հետո։ Ներդրողները Թուրքիայից միանգամից չեն հայտնվելու մեր երկրում։ Մենք պետք է այնպիսի ինստիտուցիոնալ համակարգ մշակենք, որ երբ ներդրումները հայտնվեն, մենք պատրաստ լինենք ընդունել դրանք և միաժամանակ ասենք, որ ներդրումներ կատարեք, բայց հետևեք մեր պայմաններին ու խաղի մեր կանոններին։ Վերջիններիս ճիշտ սահմանումը հետագայում զերծ կպահի երկրում կատարվող օտարերկրյա ներդրումների նկատմամբ հոգեբանական սխալ ընկալումներից և հնարավոր հասարակական հակազդեցություններից։
– Ի՞նչ եք կարծում սահմանի բացումից հետո տնտեսական ինտերվենցիայի վտանգ կա՞, թե՞ ոչ։
– Չեմ կարծում։ Մենք լավ չենք պատկերացնում թուրքական տնտեսության բարդությունը։ Բավական մեծ երկիր է, ՀՆԱ-ի մեծությամբ մտնում է աշխարհի խոշորագույն 20 տնտեսությունների մեջ և այլընտրանքային ներդրումների ու տնտեսական ազդեցություն ունենալու մեծ տեղ ունի։ Այլ հարց է, որ եթե մեր երկիրը չկարողանա ճիշտ իրավական համակարգ և կարգավորումներ ձևավորել օտարերկրյա ներդրումների համար, ապա սահմանների բացման դեպքում թե առևտրային և թե ներդրումային առումով կարող ենք խնդիրների բախվել։
Պատրաստ լինելու համար ժամանակ է պահանջվում՝բավական մեծ իրավական աշխատանք է հարկավոր կատարել։ Սահմանի բացման պահն ընդամենը մեկ որոշում է, բայց դրա տակ ահռելի իրավական մեխանիզմ պետք է լինի, կամ պետք է որոշենք, որ մենք առանձին մեխանիզմ չենք դնում, այլ կիրառում ենք գործող բավականին խնդրահարույց մեխանիզմները։ Դա էլ է տարբերակ, բայց այդ քաղաքական որոշումը պետք է կայացվի։ Իմ մտավախությունն այն է, որ մեր հասարակությունն այսօր շատ հասարակ ու պրիմիտիվ է նայում սահմանի բացման փաստին՝ չպատկերացնելով դրա ամբողջ իրավական փոխկապակցված համակարգի անհրաժեշտությունը։ Դեռ 2003թ-ին Թուրքիան, հասկանալով, որ մի օր գալու է Հայաստանի հետ սահմանի բացման հարցը, այն ժամանակ Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցության նախապայման դրեց ոչ միայն Ադրբեջանի հետագա անդամակցությանը չխոչընդոտելու պարտավորությունը, այլ նաև այն, որ դեմ չլինելով Հայաստանի ԱՀԿ անդամակցությանը չի կիրառելու ԱՀԿ կանոնները Հայաստանի հանդեպ՝ նպատակ ունենալով ազատ լինել մեզ հետ հետագայում այլ պայմաններով բանակցելու գործում։ Ես ուզում եմ, որ մենք դա պատկերացնենք, հասկանանք, այդ ապագան տեսնենք և այսօրվանից սկսենք պատրաստվել։ Ես չեմ լսել, որ Հայաստանում ներկայումս նման նախապատրաստական աշխատանքներ տարվեն, կամ օրինակ մշակվեն առաջարկություններ Թուրքիայի հետ ԵԱՏՄ մակարդակում կնքվելիք առևտրային համաձայանգրի վերաբերյալ, ներառյալ ԱՀԿ կանոնները կիրառելու հնարավորությունները։ Հայաստանը արդեն մոտ 4 տարի է, ինչ ԱՀԿ-ում ներկայացուցիչ չունի, իսկ առևտրային հարաբերությունների կարգավորման ավելի կարևոր հարթակ գոյություն չունի։
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ մեխանիզմներ պետք է մշակվեն, որպեսզի հայկական շուկան ամբողջությամբ չողողվի թուրքական արտադրանքով։
– Այսօր հայկական շուկան արդեն ողողված է այնքան թուրքական ապրանքներով, որքան կարող է կլանել և որքան թուրքերին հետաքրքրում է։ Կարևորագույն կետը, որ պետք է հիշել, այն է, որ հայկական շուկայում առկա է այնքան թուրքական ապրանք, որքան հայկական շուկան կարող է սպառել, սահմանի բացման արդյունքում մի քիչ կփոփոխվի պատկերը, առանց վրացական միջնորդության կգա այդ ապրանքը, դրա արդյունքում, վստահ եմ, մի քիչ կավելանա թուրքական ապրանքների կշիռը շուկայում։ Բայց ապոկալիպտիկ պատկերներ, որ մեր շուկան ամբողջությամբ կգրավեն թուրքական ապրանքները, որի արդյունքում զգալիորեն կնվազեն ներքին արտադրության ծավալները և գործազրկությունը կտրուկ կաճի, վստահ եմ՝ չի լինի։
Գլոբալ իմաստով մինչ օրս թուրքական ապրանքների մուտքի սահմանափակում հայկական շուկա չի էլ եղել, թուրքական ապրանքն անխոչընդոտ եկել է Հայաստան։ Իմ կարծիքով՝ սահմանի բացման հետևանքը բավական երկար ժամանակ կլինի հիմնականում տրանզիտի տեսքով ու սա է խնդիրը, որ մենք շատ ավելի շահագրգռված ենք, քան Թուրքիան։ Առաջին փուլով Հայաստանին պետք է ապահովել տրանզիտի հնարավորությունը, մեզ պետք է, որ հայկական ապրանքները Մերսինի նավահանգստում բեռնվեն նավերի վրա և մեր մեքենաները կարողանան Թուրքիայով անցնել դեպի ԵՄ ու հատեն Բոսֆորի նեղուցը։ Սա է մեզ անհրաժեշտ։ Չեմ կարծում, որ երկու կողմերը մինչև համապատասխան առևտրային համաձայնագրի կնքումը, թույլ կտան ապրանքների ուղղակի և ազատ փոխադարձ հոսք՝ նաև հաշվի առնելով մեր երկրի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
Հայաստանը, քանի որ սահմանափակում չի կիրառել թուրքական ապրանքների վրա, ստիպված է շարունակել ընդունելու, իսկ Թուրքիան, ունենալով իր վերապահումները, շարունակելու է չթողնել։ Կարծում եմ, որ գործընթացը գնալու է իմ նշված տրանզիտի տրամաբանության մեջ և հայկական շուկայի՝ թուքական ապրանքներով ողողվելու խնդիրը շատ հաճախ գերուռճացված է ու, ցավոք սրտի, քաղաքական խաղացողների կողմից շատ հաճախ առանց հիմնավորման է օգտագործվում։
Թուրքիան էլ է հասկանում, որ մեր առևտրային հարաբերությունները պետք է կարգավորվեն համապատասխան պայմանագրով, որը պետք է բանակցվի և կնքվի։ Հնարավոր է վերադառնալ ԱՀԿ պայմանների կիրառմանը, այսինքն Թուրքիան ավտոմատ հանի իր սահմանած վերապահումները ու կողմերը համաձայնեն, որ իրենք կիրառում են ԱՀԿ-ի ռեժիմը։ Եթե սահմանի բացման պահին դա տեղի չունենա, ենթադրում է, որ շուկաների հասանելության տեսանկյունից բավական ժամանակ ենք ունենալու բանակցելու անհրաժեշտ առևտրային ռեժիմի շուրջ։
Եվ վերջում ըստ իս, 21-րդ դարում ապավինել փակ սահմաններին անմտություն է։ Մենք պետք է հասկանանք, որ ազնիվ մրցակցության մեջ պիտի կարողանանք զարգանալ և ապահովել մեր տնտեսության աճը և բնակչության բարեկեցությունը։ Մեր նման փոքր ներքին շուկա ունեցող երկրների համար միակ զարգանալու գրավականը հնարավորինս քիչ սահմանափակումներով առևտուրն է, որպեսզի մենք բաց պայմաններում հնարավորություն ունենանք արտահանել, ներմուծել և ակտիվ մասնակցել միջազգային առևտրին։ Իհարկե, դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ քո առևտրային գործընկերներն ԱՀԿ կանոններն են կիրառում։ Փակ սահմանները ապագայի տեսլական չեն կարող լինել և կարծում եմ, որ ուշ թե շուտ սահմանները բացվելու են։ Եվ ինչքան շուտ մենք դա հասկանանք ու սկսենք պատրաստվել օրենսդրական և ինստիտուցիոնալ առումներով, այնքան շուտ մենք պատրաստ կլինենք մաս կազմելու համաշխարհային տնտեսությանը և հաջողությամբ մրցակցել ու համագործակցելու համաշխարահային խաղացողների հետ։
Հեղինակ` ԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆ