Ռուսաստանը հասել է իր նպատակներին, որոնք ժամանակին դրված էին Սիրիայում՝ թույլ չտալով այնտեղ ստեղծել ահաբեկչական անկլավ։ Այս մասին «Ուղիղ գծի» և մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ամերիկյան NBC հեռուստաալիքի թղթակցի հարցին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, հավանաբար, շատ է ցանկանում Սիրիայում տեղի ունեցողը ներկայացնել որպես Ռուսաստանի պարտություն։ Դա իրականում այդպես չէ:
«Մենք 10 տարի առաջ եկել ենք Սիրիա, որպեսզի այնտեղ ահաբեկչական անկլավ չստեղծվի, ինչպես Աֆղանստանում էր։ Ընդհանուր առմամբ, հասել ենք մեր նպատակներին, և նույնիսկ այն խմբավորումները, որոնք ժամանակին կռվել են Ասադի դեմ, նույնպես կրել են ներքին փոփոխություններ։ Եվ իզուր չէ, որ այսօր եվրոպական շատ երկրներ ու ԱՄՆ-ն ցանկանում են հարաբերություններ հաստատել նրանց հետ», – հիշեցրել է նա։
Այնուհետև նա նշել է, որ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային զորք չի ունեցել. այնտեղ ընդամենը երկու ռուսական բազա է։ Պուտինի խոսքով, երբ զինված ընդդիմության խմբերը մոտեցել են Հալեպին, մոտ 30 հազար մարդու կողմից պաշտպանվող քաղաք է մտել 350 զինյալ: Կառավարական զորքերը, նրանց հետ նաև, այսպես կոչված, իրանամետ ստորաբաժանումները, հետ են քաշվել առանց կռվի, պայթեցրել են իրենց դիրքերը և հեռացել։ Այդպես է եղել Սիրիայի ողջ տարածքում։ Ավելին, Իրանը խնդրել է Ռուսաստանին օգնել իրանցի մարտիկների տարհանման հարցում. ռուսական կողմը դա արել է՝ Հմեյմիմ ռազմաբազայից Թեհրան տեղափոխելով 4 հազար իրանցի զինվորականների: Իրանամետ ստորաբաժանումների մի մասն առանց կռվի մեկնել է Լիբանան, մյուս մասը՝ Իրաք։
Պատասխանելով Թրամփի հետ հանդիպման մասին հարցին՝ Պուտինը հայտարարել է, որ նախ չգիտի, թե երբ այն կլինի։ Թրամփն ինքը այդ մասին ոչինչ չի ասում, և Պուտինը նրա հետ չի խոսել ավելի քան 4 տարի։ Բայց նա պատրաստ է և’ հանդիպման, և’ զրույցի։
Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը Դամասկոսի նոր իշխանություններին առաջարկել է Հմեյմիմի և Տարտուսի ռազմակայաններն օգտագործել երկիր մարդասիրական օգնություն հասցնելու համար: Այս առաջարկն ըմբռնումով է ընդունվել։