Մաքինդերյան Եվրասիական կենտրոնի (Eurasian Heartland) առավել ակտիվ տարածաշրջաններից մեկը՝ Մերձավոր Արևելքը, կենտրոնական աշխարհագրական դիրքի և բնական ռեսուրսների հսկայական պաշարների շնորհիվ մշտապես համաշխարհային տերությունների ուշադրության կենտրոնում է և նրանց շահերի բախման կիզակետում։ 2010թ․-ին սկսված «Արաբական գարնան» գործընթացներն էլ ավելի բարդացրին իրադրությունը տարածաշրջանում, որի ամենաբռնկուն և ճգնաժամային կետը դարձավ Սիրիան։ Հակակառավարական բողոքի ցույցերով սկսված Սիրիայի ճգնաժամն աստիճանաբար վերաճեց բարդ հակամարտության, որին ներգրավվեցին ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային ազդեցիկ դերակատարները։ Ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ նաև ռուս-թուրքական հարաբերությունների վրա, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո զարգանում էին մրցակցության և համագործակցության համադրությամբ։
Սիրիական ճգնաժամի սկզբնական շրջանում Թուրքիան հայտնվել էր դժվարին իրավիճակում։ 2002թ․ Թուրքիայում իշխանության եկած Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) որդեգրված «Ռազմավարական խորություն» արտաքին քաղաքականության դոկտրինի՝ «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքի կիրառմամբ հաջողել էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել Սիրիայի հետ [1]։ Ուստի հակամարտության սկզբում Թուրքիան հանդես չեկավ Սիրիայի իշխանությունների կտրուկ քննադատությամբ, այլ իր օգնությունն առաջարկեց Բաշար ալ Ասադի վարչակարգին երկրում քաղաքական, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ կատարելու համար [2]։
Թուրքիան, սակայն, մտահոգված էր սիրիական ճգնաժամի հետևանքով քրդական հիմնահարցի ակտիվացմամբ, ինչը լրջորեն կարող էր վտանգել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիայում բնակվում են զգալի թվով քրդեր։ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնորոշման հնարավոր դրսևորումներից ելնելով՝ Թուրքիան փոխեց իր քաղաքականությունը սիրիական իշխանությունների նկատմամբ և սկսեց ակտիվորեն աջակցել ընդդիմությանը։ Անկարան նպաստեց նաև «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման հզորացմանը [3], որի զինյալների միջոցով նպատակ ուներ հակազդել Սիրիայում աստիճանաբար հաջողություններ գրանցող քրդերին։
2007թ. Ռուսաստանի նախագահ Վ․ Պուտինի ելույթը Մյունխենի Անվտանգության համաժողովում, 2008թ․ ռուս-վրացական պատերազմում ռուսական կողմի տարած հաղթանակը, այնուհետև Ղրիմի միացումը Ռուսաստանին նշանակալի խթան դարձան հյուսիսային գերտերության համար համաշխարհային քաղաքականություն վերադառնալու և միջազգային ասպարեզում իր դիրքերն ամրապնդելու հարցում։ Ռուսաստանն այդ ճանապարհին չէր կարող մասնկացություն չունենալ Սիրիական ճգնաժամին։
Սիրիան Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է տարածաշրջանում (ԽՍՀՄ փլուզումից հետո Տարտուսում 1971թ․-ին հիմնված ռազմածովային կայանը ՌԴ միակ ծովային հենակետն է Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում [4]), ուստի հակամարտության հենց սկզբից Ռուսաստանն աջակցում էր Ասադի վարչակարգին։ Մոսկվան դիվանագիտական օգնություն էր ցուցաբերում սիրիական իշխանություններին միջազգային ասպարեզում, ռուսական օդուժն ակտիվ ավիահարվածներ էր հասցնում ԻՊ-ի, ինչպես նաև ընդդիմության դիրքերին՝ հանգեցնելով սիրիական պատերազմում ուժերի հարաբերկացության փոփոխմանը և Ասադի դիրքերի ամրապնդմանը։
Ռուսաստանի և Թուրքիայի նման տարաբևեռ ներգարվածածությունը հակամարտությանը և շահերի ընդգծված բախումը հանգեցրեց ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը։ Հարկ է նշել, որ Թուրքիային անհանգստացնում էր նաև Սիրիայում ռուսական ռազմական ներկայության ամրապնդումը։
Մոսկվայի և Անկարայի «առճակատումն» առավել բացահայտ դարձավ 2015թ․-ի հոկտեմբերին Վիեննայում կայացած միջազգային հանդիպման ժամանակ, երբ նրանք պաշտպանում էին հակամարտության տարբեր կողմերին և արտահայտում տարբեր պատկերացումներ խնդրի կարգավորման վերաբերյալ [5]։ Իրադրությունն էլ ավելի սրվեց, երբ 2015թ․-ի նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը թուրք-սիրիական սահմանին խոցեցին ռուսական Su-24 կործանիչը։ Թուրքական կողմի համաձայն՝ այն խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, սակայն իրականում պատճառն այն էր, որ Ռուսաստանն այդ ժամանակահատվածում ակտիվորեն ռմբակոծում էր Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիաական ընդդիմության և ԻՊ-ի զինյալների դիրքերը, ինչպես նաև ոչնչացնում ԻՊ-ի նավթային ենթակառուցվածքները [6], որոնցով սիրիական նավթը մատակարարվում էր Թուրքիային։ Դրան ի պատասխան՝ Ռուսաստանը Թուրքիայի նկտամամբ կիրառեց տնտեսական մի շարք պատժամիջոցներ՝ մեղադրելով թուրքական կառավարությանը Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, նրանց հետ նավթային գործարքներ կատարելու և բաց սահմանային քաղաքականություն վարելու համար [7]։ Տնտեսական պատժամիջոցների շրջանակներում արգելվեց մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Ռուսաստան, սահմանափակվեց թուրքական ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում, դադարեցվեցին դեպի Թուրքիա չարտերային թռիչքները, չեղյալ հայտարարվեց Թուրքիայի քաղաքացիների համար գործող առանց վիզայի մուտքի ռեժիմը [8]։ Այս ամենը մեծ հարված հասցրեց Թուրքիայի տնտեսությանը։ Թուրքիան իր հերթին սահմանափակեց ռուսական ռազմանավերի մուտքը Բոսֆորի նեղուց։ Կասկածի տակ դրվեց նաև «Թուրքական հոսք» գազատարի և «Աքքույու» ատոմակայանի կառուցման վերաբերյալ էներգետիկ գործարքները։
Այսպես, երկկողմ հարաբերություններում 7 ամիս տևած քաղաքական և տնտեսական ճգնաժամն ավարտվեց 2016թ․-ի հունիսին, երբ Էրդողանը պաշտոնական նամակ ուղարկեց Պուտինին՝ ներողություն խնդրելով կատարվածի համար, որից հետո ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխեցին որակապես նոր փուլ։
Հարաբերությունների բարելավմանը մասնավորապես նպաստեց այն, որ այդ շրջանում թե՛ Թուրքիան, և թե՛ Ռուսաստանը գտնվում էին քաղաքական «մեկուսացման» մեջ։ Կողմերի համար չկար միջազգային համագործակցության ընտրության լայն հնարավորություն, ուստի աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակում կարևոր էր երկկողմ հարաբերությունների կարգավորումն ու ամրապնդումը։
Քաղաքական և տնտեսական ծանր իրավիճակը, փախստականների հիմնախնդիրը, Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության պատճառով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը, վեց տարվա դիվանագիտական մրցակցությունից հետո Իսրայելի հետ պարտադրված հաշտեցման գործընթացը, «նեօսմանիզմի» քաղաքականության տապալումը [9], ինչպես նաև թուրք-ամերիկայն հարաբերություններում առաջացած քաղաքական վակուումը դժվարին կացության մեջ էին դրել Թուրքիային։ Անկարան ստեղծված իրավիճակում ստիպված էր շրջվել դեպի Ռուսաստանը։ Ռուսաստանն իր հերթին 2014թ․-ին ծագած ուկրաինական ճգնաժամի արդյունքում հայտնվել էր քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակում և նրա համար ևս կարևոր էր Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավվումը, առևտրատնտեսական համագործակցության խորացումն ու էներգետիկ գործարքների ընդլայնումը։
Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը խթան հանդիսացավ սիրիական մարտադաշտում համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու համար։ Երկկողմ հարաբերություններն ամրապնդվեցին սիրիական ճգնաժամի վերաբերյալ քննարկումների նոր ձևաչափի՝ «Աստանայի գործընթացի» ձևավորման ֆոնին։ Այս ձևաչափի արդյունքում Ռուսաստանը և Թուրքիան Իրանի հետ միասին դարձան սիրիական ճգնաժամի վերաբերյալ հիմնական որոշում կայացողները։
Ռուս-թուրքական հարաբերություններում առանցքային նշանակություն ունեցավ 2019թ․ հոկտեմբերի 23-ի Սոչիի համաձայնագիրը, որը կնքվեց այն բանից հետո, երբ Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացրեց «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: Այդ գործողության արդյունքում նոր նախադրյալներ ստեղծվեցին հակամարտության դաշտում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերի վերադասավորման համար։ «Խաղաղության ակունքի» միջոցով Թուրքիան մտադիր էր վերացնել քրդական միջանցքը, Սիրիայի տարածքում թուրք-սիրիական սահմանի երկայնքով ստեղծել 450 կմ երկարությամբ և 32 կմ խորությամբ սեփական վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտի, որտեղ կբնակեցներ 2 մլն․ սիրիացի փախստականների [10]։ Միևնույն ժամանակ թուրքական իշխանությունները գիտակցում էին, որ նման ծրագրերի իրականացման համար պետք է հաշվի նստել Ռուսաստանի հետ։ «Խաղաղության ակունք» գործողության արդյունքում Ռուսաստանն ու Թուրքիան ունեցան մի շարք ձեռքբերումներ։ Կողմերի միջև հանդես գալով որպես միջնորդ՝ ՌԴ-ն ամրապնդեց իր դիրքերը Սիրիայի հյուսիս-արևելքում, իսկ Թուրքիան մասամբ իրականացրեց իր ծրագրերը՝ 115 կմ երկարությամբ անվտանգության գոտու ստեղծմամբ փաստացի չեզոքացնելով քրդական լայն ինքնավարության ձևավորման հեռանկարը Սիրիայում [11]։
Այսպիսով, կարող ենք ասել, որ սիրիական ճգնաժամն լավագույնս բացահայտում է ռուս-թուրքական հարաբերությունների հակասական բնույթը, ցույց տալիս երկկողմ հարաբերություններում գրանցվող փոփոխական պատկերը, որը մեծապես ձևավորվում է աշխարհաքաղաքական ժամանակի իրողությունների, երկու երկրների ազգային և պետական շահերի համընկման կամ դրանց բախման արդյունքում։
- Elhusseini F., The Arab Spring Effect on Turkey’s Role, Decision-making and Foreign Policy, Cambridge Scholars Publishing, 2018, p. 62.
- Taspinar Օ․, Turkey’s Strategic Vision and Syria, The Washington Quarterly, Summer 2012, №35 (3), pp. 127-140.
- Գեղամյան Վ․, Թուրքիայի դերը «Իսլամական պետություն» կազմակերպության կայացման գործում, ԵՊՀ վերլուծական տեղեկագիր, № 7, 2015, էջ 172-193։
- Harmer Ch., Russian Naval Base Tartus, Backgrounder: Institute for the Study of War, 2012, p. 2.
- Erşen Е., Evaluating the Fighter Jet Crisis in Turkish-Russian Relations, Insight Turkey, September 2017, Vol. 19, №4, pp. 85-103.
- Надыкто О., Российская авиация разбомбила в Сирии НПЗ и тысячу бензовозов, РБК, 23.11.2015, https://www.rbc.ru/politics/23/11/2015/5652d6a29a7947e91e679138 (02.02.2020).
- Erşen Е., նշվ․ աշխ․։
- Михалев Օ․, Россия и Турция после инцидента с российским СУ-24: создание образа врага, SSP, №1, 2016, стр. 51-67.
- Թորոսյան Տ․, Արշակյան Գ․, Աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասում․ Ռուս-թուրքական մրցակցություն, թե՞ համագործակցություն, Հայկական քաղաքագիտական հանդես, № (5), 2016, էջ 5-34։
- Sami M., Operation Peace Spring: Delusion in Turkey’s Objectives, Brussels International Center for Research and Human Rights, Policy Paper, 2019, pp. 3-5.
- Պետրոսյան Ա․, Նոր շրջափուլ և դիրքային իրավիճակ սիրիական հակամարտության շրջանակում, 02․12․ 2019, https://armenpress.am/arm/news/997294.htm, (16.03.2020)։
Մարտիրոսյան Սյուզաննա
ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնի «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի ուսանողուհի
*«Երիտասարդ փորձագետ» բաժնում հրապարակված հոդվածներում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակի կարծիքը և կարող են չհամընկնել «Region Monitor»-ի խմբագրության տեսակետների հետ: