Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ:
Հանդիպման ընթացքում Սամադ Հասանզադեն նշել է, որ Իրանը մեծ հնարավորություններ ունի Հայաստանի հետ համագործակցության համար՝ ընդգծելով երկու երկրների մշակութային և ռազմավարական կապերի կարևորությունը։ Նա շեշտել է, որ Իրանի առևտրի պալատը պատրաստ է աջակցել գործարար պատվիրակությունների փոխանակմանը և հայտարարել, որ այս տարի նախատեսվում է պատվիրակություն ուղարկել Հայաստան։
Հասանզադեն անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին՝ հույս հայտնելով, որ դրանք կհասնեն ցանկալի արդյունքի, և սահմանափակումների վերացման դեպքում կբացվեն նոր հնարավորություններ:
Նա հավելել է, որ Իրանի մասնավոր հատվածը պատրաստ է մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերին, ինչպես նաև համագործակցել բժշկության և դեղարտադրության ոլորտներում։ Հասանզադեն կարևորել է նաև զբոսաշրջության զարգացումը և կոչ արել Հայաստանին աջակցել իրանցի զբոսաշրջիկներին։
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար Իրանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են։ Նա նշել է, որ տնտեսական կապերը պետք է համահունչ լինեն քաղաքական բարձր մակարդակին և հավելել՝ նպատակ ունեն հասնել 1, ապա՝ 3 միլիարդ դոլարի առևտրաշրջանառության։
Դեսպանը հայտնել է, որ Հայաստանում կան ներդրումային մեծ հնարավորություններ, իսկ դեսպանությունը պատրաստ է աջակցել իրանցի գործարարներին այդ հնարավորություններին ծանոթանալու հարցում:
Հակոբյանն ընդգծել է, որ մասնավոր հատվածը կենտրոնական դեր ունի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում, իսկ Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ արտադրության և արտահանման համար։







