Իրանի Իսլամական Հանրապետության Ֆարս նահանգի զբոսաշրջության և ուխտագնացության հարցերով պաշտոնյա Մեհդի Փարսային Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Շիրազի Սուրբ Մարիամ եկեղեցի:
Փարսային նշել է, որ որ Ֆարս նահանգի տեսարժան վայրերը պետք է ճիշտ կերպով ներկայացվեն ներքին և միջազգային մակարդակներում։ Նա շեշտել է, որ Հայաստանը պատմամշակութային առումով Ֆարսի համար կարևոր զբոսաշրջային ուղղություն է, և առաջարկել է կազմակերպել Շիրազի և Երևանի մշակութային շաբաթներ, ներառյալ՝ համատեղ խոհանոցի փառատոն։
Իրանցի պաշտոնյան կարևորել է զբոսաշրջային նպատակային երկրներ ուղիղ ավիաչվերթների ավելացման անհրաժեշտությունը և կոչ է արել Շիրազ-Երևան ուղիղ թռիչք հաստատել։
Փարսային ողջունել է Հայաստանի դեսպանի առաջարկը՝ կազմակերպել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Թախտե Ջամշիդում՝ նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ։ Նա նաև առաջարկել է, որ Երևանի թանգարանից Աքեմենյան դարաշրջանի որոշ նմուշներ ժամանակավոր ցուցադրվեն Թախտե Ջամշիդի թանգարանում, ինչպես նաև կազմակերպել այցելություններ Հայաստանի բլոգերների և ինֆլյուենսերների համար, որպեսզի նրանք Շիրազում ծանոթանան քաղաքի տեսարժան վայրերին և դառնան Ֆարսի մշակութային դեսպաններ Հայաստանում։








