ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին, անդրադառնալով նախագահ Փեզեշքիանի Հայաստան այցի արդյունքներին, նշել է, որ այն անցել է բարիդրացիական քաղաքականության շրջանակներում:
«Այս այցը կատարվեց բարիդրացիական քաղաքականության և հարևանների հետ հարաբերությունների ամրապնդման շրջանակներում, քաղաքականություն, որը վերջին տարիներին Իսլամական Հանրապետության 13-րդ և 14-րդ կառավարությունների օրոք հետևողականորեն առաջ է մղվել։ Հայաստանը Հարավային Կովկասում Իրանի կարևոր հարևաններից է, որը, թեև ունի մեր երկրի հետ ամենակարճ սահմանը, սակայն այդ սահմանը մշտապես եղել է ապահով ու կայուն և ունի ռազմավարական նշանակություն»,-ասել է Բաղաեին:
Նա նշել է, որ Երևանում կայացած քննարկումների արդյունքում համագործակցության 10 փաստաթուղթ է ստորագրվել, բացի այդ քննարկվել են նաև Կովկասում տեղի ունեցած վերջին գործընթացները։
Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի աջակիցը և շեշտում է այս պայմանագրի որքան հնարավոր է արագ կնքման անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման նախապայման։
Բաղաեին նաև անդրադարձել է այցի շրջանակում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը՝ ընդգծելով, որ սա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայտարարության հրապարակումից հետո երկու նախարարների առաջին ուղիղ երկխոսությունն էր, ինչը գնահատել է դրական:







