Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը և ուղեկցող պատվիրակությունը Իգդիրի Ալիջանի սահմանային անցակետով կայցելեն Հայաստան։
Նշվել է, որ Սերդար Քըլըչը, Իդգիրում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ որոշ աշխատանքներ են կատարել․
«Մենք այս աշխատանքները կվերանայենք, կվերահաստատենք նախորդ աշխատանքները։ Կքննարկենք, թե ապագայում երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքի համար ինչ կարելի է անել»։
Նշվել է, որ Քըլըչն անդրադարձել է Զանգեզուրի գծի կարևորությանը․
«Այս հաղորդակցության գիծը չափազանց կարևոր է։ Ոչ միայն Հայաստանի և Թուրքիայի միջև, այլև ողջ Կենտրոնական Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ կապ հաստատելու առումով Զանգեզուրի գիծը կարևոր ուղի է։ Մեր ամենամեծ ցանկությունն է, որ մեր նախագահի հրահանգների համաձայն, կարճաժամկետ հեռանկարում հնարավոր լինի բացել այս գիծը և աջակցել երկու երկրների՝ հատկապես Իգդիրի ու Կարսի տնտեսությանը»։
Ըստ Քըլըչի՝ հայկական կողմը ևս դրական է վերաբերվում այս հարցերին։ Այս համատեքստում նա նշել է․
«Այսօր հայտարարություն են արել․ «Մենք պատրաստ ենք սահմանը բացել»։ Իհարկե, նրանք էլ են դրական վերաբերում մի բանի, որը բոլորի համար շահաբեր է։ Որոշ նախագծեր կյանքի կոչելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել մի շարք տեխնիկական աշխատանքներ, իսկ մտադրությունների առումով խնդիր չունենք»։
Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը ևս, խոսելով քաղաքի՝ երեք երկրի սահմանակից լինելու մասին, նշել է․
«Մեր նահանգում ևս մեծ ոգևորությամբ է գնահատվում այս գործընթացը։ Մեր նախագահի առաջնորդությամբ բոլոր սահմանակից երկրների հետ շատ լուրջ կառուցողական բանակցություններ են տարվել։ Մենք ունենք Ալիջանի սահմանային անցակետը, իսկ վերջերս Զանգեզուրի գծի հետ կապված 124 կիլոմետրանոց Դիլուջու-Կարս երկաթուղու հիմնարկեքը կատարվեց»։
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։







