Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային, ով նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է թվայնացման ոլորտում Հայաստանի կառավարության և Proud Engineers ընկերության միջև համագործակցությունը՝ նշելով, որ թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն:
Փաշինյանն անհրաժեշտ է համարել փորձի փոխանակումը, այդ թվում՝ գործընթացը սահուն և արդյունավետ իրականացնելու համար:
Երկրի ղեկավարի խոսքով՝ պետական կառավարման համակարգի թվայնացումը նոր ազդակ կհաղորդի պետական ինստիտուտների գործունեության արդյունավետությանն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցմանը:
Տաավի Կոտկան ներկայացրել է Proud Engineers-ի գործունեությունը և եվրոպական տարբեր երկրներում թվայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու միջոցառումները: Միաժամանակ, նա անդրադարձել է թվայնացման սկզբունքներին, գործիքակազմերին և հնարավորություններին՝ պատրաստակամություն հայտնելով սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ:







