Վրաստանի խորհրդարանն արագացված կարգով ընդունել է օրենքի նախագիծ, որի արդյունքում հավաքների-ցույցերի հետ կապված սահմանափակումները կտարածվեն նաև հետիոտնային ճանապարհների վրա անցկացվող գործողությունների վրա:
«Հավաքների և ցույցերի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, հանրային տարածքում հավաքի կամ ցույցի անցկացման դեպքում անհրաժեշտ է նախապես տեղեկացնել ՆԳՆ-ին: Ավելին, ինչպես ավտոճանապարհի փակման դեպքում, հետիոտնային անցուղու արհեստական փակումը նույնպես արգելվում է, եթե հավաքի կամ ցույցի մասնակիցների թիվը դա չի պահանջում: Հետիոտնային անցուղին տրանսպորտային միջոցներով, տարբեր առարկաներով փակելը նույնպես արգելվում է:
Հավաքի կամ ցույցի կազմակերպիչը հնարավոր ցույցի մասին պարտավոր կլինի տեղեկացնել ՆԳՆ-ին, այլ ոչ թե քաղաքային իշխանությանը։ Նախազգուշացում ստանալուց հետո ՆԳՆ-ն իրավասու կլինի առաջարկել հավաքի կամ ցույցի կազմակերպիչներին փոխել վայրը կամ երթուղին, եթե առաջարկվող հավաքի ձևը, վայրը կամ երթուղին սպառնալիք է ներկայացնում հասարակական կարգի, պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հաստատությունների, կազմակերպությունների և տրանսպորտի բնականոն գործունեության, ինչպես նաև մարդկանց անարգել տեղաշարժի կամ մարդու իրավունքների և ազատությունների համար:
Եթե ինքնաբուխ կամ ոչ ինքնաբուխ հավաքի մասնակիցները հրաժարվեն համաձայնվել հավաքը կամ ցույցը անցկացնել ՆԳՆ առաջարկած վայրում կամ երթուղով և շարունակեն հավաքը կամ ցույցը անցկացնել այդ վայրում, հավաքի կամ ցույցի մասնակիցները կենթարկվեն վարչական կալանքի մինչև 15 օր, իսկ կազմակերպիչը՝ մինչև 20 օր: Նույն արարքի կրկնակի խախտումները կհանգեցնեն քրեական պատասխանատվության՝ ՔՕ 347-րդ հոդվածով, մասնավորապես՝ մինչև մեկ տարի ազատազրկման:







