Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր ցուցարարներին «տարհանել են» Բաքվից դուրս

170

Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ծավալված բողոքի ցույցերի  ընթացքում ձերբակալվել էր 55 մարդ, այդ թվում ՝ կուսակցության առաջնորդներ, պատգամավորների թեկնածուներ, դիտորդներ և բոլորը, ովքեր իրենց անհամաձայնությունն էին հայտնել ԿԸՀ կողմից հրապարակված պաշտոնական տվյալների հետ: Այս մասին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Մուստաֆա Հաջիբեյլին:

Դեռևս անհայտ է ցույցերից առաջ ձերբակալված «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիի և «Հանրապետական այլընտրանք» կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովի գտնվելու վայրը:

D18 շարժման առաջնորդ, պատգամավորի թեկնածու Ռուսլան Իզզեթլիին տարել են Եվլախ քաղաք (300 կմ. Բաքվից արևմուտք) և միայն այնտեղ են ազատ արձակել:

Քաղաքական գործչի խոսքով, նրան 4 ժամ մեքենայով «ման են տվել» և, ի վերջո, ազատ են արձակել Բաքու-Շամախի ավտոճանապարհին։

«Շարժում» դաշինքից պատգամավորի թեկնածուներ Մեհման Հուսեյնովը և Ուլվի Հասանլին ազատ են արձակվել Հաջիկաբուլ-Քուրդամիր մայրուղու վրա (Բաքվից 150 կմ արևմուտք):

Հավաքի ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ավտոբուսներով քաղաքից դուրս են տարել և իջեցրել են Բաքվից 60-80 կմ հեռավորության վրա ` Բաքու-Շամախի մայրուղու, Սանգաչալի, Ալատի, Գոբուստանի ամայի վայրերում: