Դեկտեմբերի 28-ից Իրանում անցկացվում են բողոքի ակցիաներ, որոնց համար շարժառիթ է հանդիսացել իրանական ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկումը: Ցույցերն աստիճանաբար տարածվել են Իրանի բոլոր նահանգներում և հունվարի 6-ից հետո նոր թափ առել։ Հունվարի 8-ին իշխանությունները անջատել են ինտերնետ հասանելիությունը, և մինչ օրս այն չի վերականգնվել: Դրա հետևանքով վերջին օրերին ցույցերի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Միաժամանակ հայտնի է դարձել ցուցարարների ու իրավապահների շրջանում հարյուրավոր զոհերի մասին:
Իրանում ստեղծված իրավիճակի և հնարավոր զարգացումների մասին Regionmonitor-ը զրուցել է իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։
–Ի՞նչ խորքային պատճառներ ունեն Իրանում ընթացող այս ցույցերը, և որքանո՞վ են դրանք տարբերվում նախորդ ալիքներից իրենց նպատակներով ու կազմակերպվածությամբ։
Իրանում ընթացող ներկայիս ցույցերի հիմնական պատճառը միայն տնտեսական դժվարությունները չեն։ Թանկացումները, ռիալի արժեզրկումը և գործազրկությունը ավելի շուտ դարձել են այն գործոնները, որոնք արագացրել են արդեն երկար ժամանակ կուտակված դժգոհությունը։ Խնդրի խորքում հասարակության և իշխանության միջև տարիների ընթացքում ձևավորված վստահության նվազումն է։ Իրենց բնույթով Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները ընդհանուր գծերով նման են նախորդ ալիքներին, սակայն կա էական տարբերություն։ Եթե նախկինում բողոքները հաճախ կենտրոնացած էին կոնկրետ սոցիալական կամ տնտեսական պահանջների շուրջ, ապա վերջին տարիներին դժգոհությունը դարձել է ավելի ընդհանուր և ուղղված է ոչ թե առանձին խնդիրների, այլ ամբողջ կառավարման համակարգի դեմ։ Այս շարժման մեջ ներգրավված են տարբեր սոցիալական շերտեր, և այն այլևս չի սահմանափակվում մեկ հստակ պահանջով։ Սակայն, միևնույն ժամանակ, շարժումը շարունակում է մնալ թույլ կազմակերպված։ Բացակայում են միասնական ղեկավարությունը, հստակ քաղաքական ծրագիրը և համակարգված գործողությունների պլանը։ Այդ պատճառով, չնայած իր լայն ընդգրկմանը, շարժումը ունի ցրված բնույթ և դժվար է կառավարվում։
–Հանրության կողմից պետական համակարգի փոփոխության և շահի որդու վերադարձի պահանջը որքանո՞վ է իրականում լայն աջակցություն վայելում Իրանի ներսում, և արդյոք սա կարող է ձևավորվել որպես միասնական քաղաքական օրակարգ։
Շահի որդու վերադարձի մասին խոսակցությունները Իրանի ներսում լայն և համախմբող աջակցություն չունեն։ Այդ գաղափարը շատ դեպքերում ավելի շատ սիմվոլիկ բնույթ է կրում և արտահայտում է գործող համակարգի մերժումը, ոչ թե իրական քաղաքական այլընտրանքի շուրջ համախմբումը։ Իրանական հասարակությունը բազմաշերտ է, և այս փուլում չկա ընդհանուր համաձայնություն այն մասին, թե ինչ համակարգ պետք է փոխարինի ներկային։ Շատերը դժգոհ են, բայց չեն տեսնում վստահելի միասնական նախագիծ։ Շահի որդու անունը հաճախ օգտագործվում է արտաքին հարթակում կամ սոցիալական ցանցերում, բայց ներսում դա դեռ չի վերածվել իրական քաղաքական շարժման։
–Ի՞նչ սցենարներ կարելի է կանխատեսել առաջիկա շաբաթների համար․ հնարավո՞ր է համակարգային փոփոխություն, թե՞ իշխանությունները կկարողանան վերահսկողության տակ առնել իրավիճակը։
Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին համակարգային փոփոխության հավանականությունը մեծ չէ։ Դրա համար բացակայում են այն պայմանները, որոնք պատմականորեն հանգեցրել են իշխանափոխության՝ համազգային գործադուլ, միասնական առաջնորդություն և ուժային համակարգում ճեղքեր։ Բացի այդ, առանց արտաքին ուղիղ և վճռորոշ միջամտության դժվար է պատկերացնել, որ Իրանում հնարավոր լինի իրական իշխանափոխություն, քանի որ գործող համակարգը դեռ պահպանում է ուժային և ինստիտուցիոնալ վերահսկողությունը։ Ամենահավանական սցենարը այն է, որ իշխանությունները կշարունակեն վերահսկողության քաղաքականությունը ճնշման, տեղեկատվական սահմանափակումների և առերևույթ զիջումների միջոցով։ Սակայն սա չի նշանակում կայունացում։ Ավելի շուտ խոսքը ժամանակ շահելու մասին է, մինչդեռ դժգոհությունը կշարունակի կուտակվել և կարող է ապագայում յուրաքանչյուր նոր տնտեսական կամ արտաքին ցնցման պատճառով նորից պայթել ավելի կտրուկ ձևով։
-Թրամփի կողմից Իրանի իշխանություններին հասցեագրված «ծանր հարվածի» սպառնալիքները ինչի՞ մասին կարող են լինել և ինչպե՞ս կազդեն իրավիճակի վրա։
Թրամփի հռետորաբանությունը ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին այլևս չի կարելի դիտարկել միայն որպես ճնշման կամ սակարկության գործիք։ Թրամփը իր քաղաքական գործելակերպով ցույց է տալիս, որ պատրաստ է անցնել նաև ուղիղ ռազմական գործողությունների, եթե դա համահունչ է իր ռազմավարական նպատակներին։ Այս իմաստով «ծանր հարվածի» մասին խոսքը չի վերաբերում միայն նոր պատժամիջոցների կամ տնտեսական ճնշման, այլ կարող է նշանակել նաև սահմանափակ, բայց նպատակային ռազմական գործողությունների Իրանի կարևոր ռազմական կամ ռազմավարական օբյեկտների դեմ։
Նման սցենարը, ի տարբերություն միայն պատժամիջոցների քաղաքականության, կարող է արմատապես փոխել իրավիճակը։ Մի կողմից՝ արտաքին ռազմական հարվածը կարող է լրջորեն թուլացնել Իրանի իշխանության կառավարման և անվտանգության հնարավորությունները, մյուս կողմից՝ այն պարունակում է լուրջ ռիսկեր, այդ թվում՝ անջատողական տարերի ակտիվացման և տարածաշրջանում լարվածության աճի։ Ռազմական միջամտությունը նույնիսկ կարող է միավորել Իրանի հասարակության մի հատվածին իշխանության շուրջ՝ արտաքին վտանգի զգացումից ելնելով։ Սակայն ներկայիս պայմաններում բացառել ուղիղ ռազմական միջամտության հավանականությունը այլևս դժվար է, հատկապես եթե Վաշինգտոնը հանգի այն եզրակացության, որ այլ գործիքները չեն ապահովում ցանկալի արդյունք։ Ամեն դեպքում, ցանկացած արտաքին միջամտություն պարունակում է լուրջ ռիսկեր հենց Իրանի ժողովրդի համար։








