ծավալվող մարտական գործողությունների ազդեցությունից: Իրավիճակի սրումը կարող է 1.2-1.7 տոկոսի գնաճի հանգեցնել Հայաստանում: Այդ մասին մարտի 17-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով Հայաստանի տնտեսությանը Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին՝ Մարտին Գալստյանը նշեց.
«Մեր գնահատականներով՝ գնաճը կկազմի մոտ 1.2-1.7 տոկոս: Ազդեցության մյուս ենթակոմպոնենտներն են նավթի գնի ավելացումը, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը: Սա ռիսկերի տիրույթում է. չենք ասում, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-1.7 տոկոս»:
ԿԲ նախագահի դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության մի քանի ուղի է նշմարվում, որոնցից առաջինը ու, թերևս, կարևորներից մեկը հակամարտության ազդեցությունն է համաշխարհային տնտեսությանը և, օրինակ, ԱՄՆ-ում տնտեսական աճի և ընդհանուր տնտեսական զարգացումների վրա:
«Մեր գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավելացնում է ստագֆլյացիոն ռիսկերը: Այսինքն, մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղեցման ռիսկերը, մյուս կողմից՝ իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ գնաճի ավելացման տեսանկյունից, ինչը բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներքին տնտեսական աճի և տնտեսական զարգացումների վրա:
Եթե, օրինակ, արտաքին պահանջարկը նվազի, դա, բնականաբար, ազդելու է նաև մեր տնտեսության արդյունքների վրա ու դրանք ոչ միայն տնտեսական են լինելու, այլև կարող են հոգեբանական խնդիրներ առաջացնել: Օրինակ, այս տարի Հայաստան այցելել պատրաստվող մարդիկ տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են վատ սցենարներով, կարող է զերծ մնան այցելելուց:
Երկրորդ խնդիրը, որը կարող ենք ունենալ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից, դա հայկական ընկերությունների կողմից Մերձավոր Արևելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումն է, և այդ լոգիստիկ խնդիրների արդյունքում նաև արտահանման որոշակի սահմանափակումը: Կարծում ենք, որ այդտեղ որոշակի ռիսկեր կան կուտակված:
Երրորդը նավթի գների հետ կապված զարգացումներն են: Նավթի գներն ունեն ուղղակի ազդեցություն գնաճի վրա, բայց նաև կան երկրորդական էֆեկտներ, որովհետև նավթը կամ էներգակիրները որոշակի չափաբաժնով մտնում են նաև ընդհանուր ապրանքների ինքնարժեքի վերջնական հաշվարկի մեջ, որը կարող է թանկացնել մեր ապրանքներն արդեն առաջարկի տեսանկյունից:
Այդ բոլոր բաղադրիչները համադրելով՝ կարծում ենք, որ կան որոշակի ռիսկեր, որ մեզ կարող են տանել ավելի ցածր գնաճային ուղղությամբ, որը պայմանավորված կլինի հենց ցածր պահանջարկով և կան նաև գնաճային ռիսկեր, որոնք կարող են մեզ ապահովել գնաճի ավելի բարձր մակարդակ»,- ասաց Մարտին Գալստյանը՝ ընդգծելով, որ ազդեցության մասին հնարավոր կլինի պատկերացում կազմել արդեն մարտ ամսվա ցուցանիշներից:
Միաժամանակ, ԿԲ նախագահը դեռ չի տեսնում անշարժ գույքի շուկայի գների և հիփոթեքային վարկ ունեցող անձանց վճարունակության վրա այս իրավիճակի ազդեցության վտանգ:
«Այս պահի դրությամբ այդ ռիսկերը չենք տեսնում: Եթե կոնֆլիկտը երկարաձգվի և ընթանա, ասենք, սիրիական սցենարով, բնականաբար, դա կարող է շատ վատ ազդեցություն ունենալ մեր և հարևան երկրների վրա: Այս պահի դրությամբ դրա նյութականացման հիմքերը չկան: Պիտի հետևենք զարգացումներին և ընթացքում, անհրաժեշտության դեպքում, անպայման կմիջամտենք այն ձևով, որն անհրաժեշտ է մեր տնտեսությունը հեռու պահելու վատ սցենարներից»,- եզրափակեց նա:







