ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հրավերով մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ:
«ԵՄ գործընկերները շնորհավորել են նախարար Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընդգծվել է ԵՄ և անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը»,- նշվել է ԱԳՆ հաղորդագրությունում։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ավելացման, ՀՀ տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ավելացման ուղղությամբ կիրառելի մեխանիզմների և հնարավոր քայլերի շուրջ։ Ըստ ԱԳՆ-ի՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ մինչ այս ԵՄ և անդամ պետությունների կողմից ցուցաբերված աջակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ աշխատանքներն ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ առանձին պետությունների հետ ակտիվ փոխգործակցությամբ։







