ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում միջազգային տեսուչներին թույլ կտրվի վերադառնալ Իրան՝ միջուկային ծրագրի վերահսկողությունն ապահովելու համար։ Նրա խոսքով՝ սա համաձայնագրի հիմնական բաղադրիչներից մեկն է:
«NBC News»-ին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները, ինչը, ըստ նրա, հստակ ամրագրված է ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրում։ Վենսը հայտնել է նաև, որ հուշագրի ամբողջական տեքստը չի հրապարակվի մինչև ուրբաթ՝ Շվեյցարիայում նախատեսված պաշտոնական ստորագրումը: Նրա խոսքով՝ փոխըմբռնման հուշագիրը «ընդամենը մեկուկես էջանոց շատ ընդհանուր շրջանակային փաստաթուղթ» է, որի բոլոր բարդ կետերը հստակեցվելու են տեխնիկական բանակցությունների փուլում։
Վենսը կտրականապես հերքել է այն տեղեկությունները, թե պատերազմի դադարեցմանն ուղղված նոր համաձայնագրի շրջանակում Թեհրանը կարող է ամերիկյան դոլարներ ստանալ։ Փոխնախագահը հստակեցրել է, որ թեև ամերիկյան ֆինանսական միջոցներ չեն ներգրավվելու, Իրանի՝ համաշխարհային տնտեսությանը վերաինտեգրվելու դեպքում կարող են նոր տնտեսական հնարավորություններ ի հայտ գալ։ Ըստ նրա՝ պատժամիջոցների չեղարկումը և Իրանի վերադարձը համաշխարհային շուկա տնտեսական մեծ օգուտներ կբերի։
Անդրադառնալով Իրանի վերականգնման համար նախատեսվող 300 միլիարդ դոլարի հիմնադրամին՝ Վենսը նշել է, որ Թեհրանը կարող է մուտք ստանալ դեպի այդ միջոցները միայն գործարքի պայմանները լիարժեք կատարելու դեպքում, և հավելել, որ այդ հիմնադրամը ֆինանսավորվելու է Պարսից ծոցի երկրների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից։ «Եթե իրանցիներն իրենց լավ պահեն, եթե լինի պատժամիջոցների թուլացում, մենք կխրախուսենք այլ երկրներին՝ բայց ոչ մեզ, ներդրումներ կատարել Իրանում»,- հավելել է նա։
Անդրադառնալով Իսրայելին՝ Ջեյ Դի Վենսը վստահություն է հայտնել, որ Թրամփի վարչակազմի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև առկա տարաձայնությունները ժամանակավոր են, և Թել Ավիվը ի վերջո կսատարի ԱՄՆ-Իրան նոր հուշագիրը։ «Մենք գիտենք, որ այս համաձայնագիրը Իսրայելն ավելի անվտանգ է դարձնելու։ Լիովին վստահ ենք, որ գործընթացի մի փոքր ավելի առաջ գնալուն պես իսրայելցիները կողմ կլինեն այս գործարքին»,- նշել է փոխնախագահը։
Վենսը նաև ընդունել է, որ Միացյալ Նահանգների և Իսրայելի շահերը միշտ չէ, որ նույնական են. «Հիմնարար առումով ԱՄՆ-ն ունի իր սեփական շահերը։ Մենք ունենք համընկնող շահեր, բայց երբեմն ժամանակ առ ժամանակ տարբեր հարցերի շուրջ կարող ենք նաև չհամաձայնել, ինչը լիովին բնական է»։
Ըստ Վենսի՝ փաստաթղթի հենց առաջին պարբերությունը սահմանում է, որ ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Իրանը պարտավորվում են աջակցել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Իսկ դա, փոխնախագահի ձևակերպմամբ, ուղղակիորեն պահանջում է, որ Թեհրանը դադարեցնի «ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը և վերջ տա Մերձավոր Արևելքում ապակայունացնող գործողություններին»։







