Հունիսի 15-ին Կալիֆոռնիայի «Edwards» ռազմաօդային բազայում B-52 ռմբակոծիչի կործանման հետևանքով զոհվել է 8 անձ։ Ինքնաթիռը վթարվել է թռիչքից կարճ ժամանակ անց: Այս մասին հայտնում է CNN-ը:
Բազայում օդանավը ռադարի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված փորձնական թռիչք է իրականացրել։ Զոհվածների թվում եղել են զինվորականներ, քաղաքացիական աշխատակիցներ: ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները նշել են, որ վթարի պատճառները դեռ հայտնի չեն, և հետաքննությունը կարող է տևել մինչև վեց ամիս։
Լոս Անջելեսից հյուսիս-արևելք գտնվող «Edwards» բազան հայտնի է որպես փորձարկման կարևոր կենտրոն, որտեղ իրականացվում են օդանավերի, անօդաչուների և նույնիսկ տիեզերական տեխնիկայի փորձարկումներ։
B-52-ը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենաերկարակյաց ռմբակոծիչներից է, որը ծառայության մեջ է 1955 թվականից։ Այն կարող է կրել մինչև 70,000 ֆունտ զինամթերք և ունի միջուկային հրթիռներ տեղափոխելու հնարավորություն։ Միջադեպը վերջին տասնամյակներում B-52-ի հետ կապված ամենածանր վթարն է համարվում։ Նախորդ մահաբեր միջադեպը գրանցվել էր 2008 թվականին, երբ վեց զինծառայող զոհվել էր Խաղաղ օվկիանոսի մոտ վթարի ժամանակ։







