Հունիսի 21-ին Շվեյցարիայում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցություններն ավարտվել են «դրական և կառուցողական մթնոլորտում»։ Այս մասին համատեղ հայտարարությամբ հայտնել են բանակցությունների միջնորդ երկրները՝ Կատարն ու Պակիստանը՝ միաժամանակ ընդգծելով, որ կա «խրախուսիչ առաջընթաց»: Փոխանցում է CNN-ը:
«Հիմնվելով նախնական հուշագրի դրույթների վրա՝ կողմերը պայմանավորվել են ձևավորել Բարձր մակարդակի կոմիտե, որը կիրականացնի միջնորդական գործընթացի քաղաքական վերահսկողությունը: Գլխավոր բանակցողները պարբերաբար հաշվետու կլինեն այս կոմիտեին և կղեկավարեն միջուկային խնդիրների, պատժամիջոցների, ինչպես նաև մոնիթորինգի ու վեճերի լուծման հատուկ աշխատանքային խմբերը՝ հուշագրի դրույթների արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով»,- նշվել է հայտարարությունում:
Միջնորդ երկրները նաև հայտնել են, որ Հորմուզի նեղուցում միջադեպերի կանխման նպատակով ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ կապի խողովակ է ստեղծվել: Այն գործելու է համաձայնագրով նախատեսված 60-օրյա անցումային շրջանում՝ ապահովելու առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումը Պարսից ծոցից դեպի Օմանի ծոց։
Լիբանանյան ճակատում ռազմական գործողությունների վերջնական դադարեցումը երաշխավորելու համար ԱՄՆ-ն և Իրանը նաև պայմանավորվել են ստեղծել «ապաէսկալացիոն հատուկ կենտրոն» ՝ Լիբանանի մասնակցությամբ և Կատարի ու Պակիստանի միջնորդությամբ։ Ըստ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի՝ հենց այս կենտրոնի արդյունավետությունն էլ կլինի ձեռք բերված համաձայնությունների կենսունակության «առաջին իրական փորձաքարը»։
«Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց է գրանցվել Լիբանանյան պատերազմի դադարեցման ուղղությամբ։ Չեղարկվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները, վերացվել է շրջափակումը, սառեցված ակտիվների մի մասն ապասառեցվել է, և Իրանի համար մեկնարկել է վերականգնման ու զարգացման խոշոր ծրագիր։ Առաջին իրական փորձությունը. Լիբանանի հակամարտության կանխարգելման խումբը»,- բանակցությունների ավարտին X-ի իր էջում գրել է Արաղչին:
Իրանական պատվիրակությունն ու Կատարը նաև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Թեհրանի սառեցված միջոցների փոխանցման գործնական մեխանիզմների վերաբերյալ։
Հատկանշական է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունները սկզբում անցկացվել են քառակողմ ձևաչափով, սակայն բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում սպառնացել է վերսկսել Իրանի ռմբակոծություններն ու վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ տուրքեր գանձելու նպատակով։ Թրամփի սպառնալիքներից հետո Թեհրանը հրաժարվել է քառակողմ ձևաչափով բանակցություններից, և քննարկումները շարունակվել են ուղերձների փոխանկմամբ: Տեխնիկական մակարդակով բանակցությունները Շվեյցարիայում կշարունակվեն այս շաբաթվա ընթացքում:








