Ռուսական զինուժի զանգվածային հարձակման հետևանքով Ուկրաինայի տարբեր բնակավայրերում առնվազն 8 մարդ է զոհվել։ Հարվածների են ենթարկվել Կիևը, Կրիվոյ Ռոգը, Լվովը և այլ քաղաքներ։
Կրիվոյ Ռոգի արվարձանում «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռի՝ առանձնատան վրա ընկնելու հետևանքով զոհվել է բազմազավակ ընտանիք՝ երեք չափահաս և երեք երեխա, ևս ութ մարդ վիրավորվել է։ Փլատակների տակից հաջողվել է փրկել երկու երեխայի։ Հարվածից երկու առանձնատուն ամբողջությամբ ավերվել է, ևս հինգը՝ վնասվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ փլատակների տակ կարող է գտնվել ևս հինգ մարդ։
Հերթական անգամ հրթիռակոծության է ենթարկվել նաև Կիևը։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ մի քանի շրջաններում հրթիռների բեկորներ են ընկել, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմը հայտնել է մեկ զոհի մասին։ Եվս մեկ մարդ զոհվել է Պոլտավայի մարզում։
Լվովում հնչել են պայթյուններ, գործել են ՀՕՊ համակարգերը։ Քաղաքապետ Անդրեյ Սադովոյը և մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել են երկու բազմահարկ բնակելի շենքերի վնասման մասին։ Նրանց տվյալներով՝ վիրավորվել է շուրջ 20 մարդ, փլատակների տակ դեռևս մարդիկ կան։








